16 Ապր
2025
11.1° c ԵՐԵՎԱՆ
3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփի մաքսատուրքերը հայ-ամերիկյան հարաբերություններում նոր օրակարգ են մտցնում․ Mirror Spectator

Թրամփի մաքսատուրքերը հայ-ամերիկյան հարաբերություններում նոր օրակարգ են մտցնում․ Mirror Spectator

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերը ստիպել են շատ երկրների վերագնահատել ԱՄՆ-ի հետ իրենց առևտրային քաղաքականությունը. գրել է Mirror Spectator-ը:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ապրիլի 5-ից ԱՄՆ-ն 10 տոկոս մաքսատուրքեր է սահմանել բոլոր ներմուծումների վրա, որոնք ներառում են հայկական ապրանքները։ Ինչպես նշվել է, այս գործողությունը կբարձրացնի գները և կնվազեցնի հայկական արտահանման պահանջարկը, ինչպիսիք են ալյումինը, քարերը, թանկարժեք մետաղները, գյուղատնտեսական ապրանքները և ալկոհոլը՝ պոտենցիալ վնաս հասցնելով այդ ոլորտների մրցունակությանը:

2024 թվականին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրային ապրանքների ընդհանուր արժեքը գնահատվել է 282,4 միլիոն դոլար։ ԱՄՆ արտահանումը Հայաստան կազմել է 160,8 մլն դոլար՝ 2023 թվականի համեմատությամբ նվազելով 14,8%-ով (կամ 27,9 մլն դոլարով)։ Հայաստանի հետ ԱՄՆ-ի ապրանքաշրջանառության հավելուրդը կազմել է 39,2 մլն դոլար, ինչը 2023 թվականի համեմատ նվազել է 29,9 տոկոսով (կամ 16,7 մլն դոլարով):

2023-ից 2024 թվականներին ԱՄՆ-Հայաստան առևտրի ցուցանիշների փոփոխությունները կապված չէին ընթացիկ սակագների հետ և փոխարենն արտացոլում էին երկու երկրների միջև առևտրի բնորոշ տատանումները, սակայն այս թվերը ցույց են տալիս երկկողմ առևտրի մասշտաբը: ԱՄՆ-ն 2024 թվականին նույնիսկ Հայաստանի առևտրային գործընկերների հնգյակում չի եղել․ յոթերորդ տեղում էր։

Թրամփի մաքսատուրքերը հայ-ամերիկյան հարաբերություններում նոր օրակարգ են մտցնում` փոխարինելով նախորդին, որը հիմնականում կենտրոնացած էր ԱՄՆ օգնության վրա, որն այժմ ավելի քիչ արդիական է: Տարիներ շարունակ հայ-ամերիկյան օրակարգում գերակշռող են եղել օգնության ծրագրերը։ Սա ներառել է Վաշինգտոնի աջակցությունը ոստիկանությանը, արդարադատության ոլորտին, դատական համակարգին, որոշ տնտեսական ծրագրերին և այլն:

Այժմ, երբ նախագահ Թրամփը զգալիորեն կրճատել է արտաքին օգնության տրամադրումը, հայ-ամերիկյան երկկողմ օրակարգն էլ ավելի էական է դարձել: Եթե ամերիկյան աջակցության ծրագրերն այլևս օրակարգում չլինեն, ԱՄՆ ՄԶԳ-ն այլևս չգործի, ապա համագործակցության ոլորտները նույնպես զգալիորեն կնվազեն։ Այսպիսով՝ Թրամփի կողմից մաքսատուրքերի սահմանումը կարող է իրականում հնարավորությունների պատուհան ստեղծել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության նոր ուղու համար:

Հիասթափության փոխարեն այս իրավիճակը հնարավորություն է տալիս աշխուժացնել Հայաստան-ԱՄՆ բանակցությունները։ Կան մի քանի հիմնական կետեր, որոնք պետք է հաշվի առնել: Չնայած Հայաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ է, սակայն Թրամփի վարչակազմի կողմից սահմանված մաքսատուրքերը ուղղված են ոչ թե բուն Միությանը, այլ՝ միության անդամ առանձին երկրներին։ Այս փաստն անդամ երկրներին իրավունք է տալիս առանձին բանակցություններ վարել այլ երկրների հետ այս թեմայով։

Ամերիկյան պաշտոնական աղբյուրները նշում են, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցումն է, որ հանգեցրել է մաքսային սակագների բարձրացման։

Թեև ԱՄՆ-ի արտահանումը Հայաստան սահմանափակ է, հայկական արտահանումը ԱՄՆ շատ կարևոր է: Հայաստանի համար չափազանց կարևոր է ներկայություն ունենալ այդ շուկայում, թեկուզ որպես չնչին խաղացող, քանի որ կան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներ՝ անկախ արտահանման ներկայիս ծավալներից, ինչպիսիք են ալյումինի արդյունաբերությունը և թանկարժեք մետաղների արտահանումը։

Ռազմագերիներ