
ՀԱՄԱՍ-ը զգալի ֆինանսական դժվարությունների է բախվել, իսկ Իսրայելի հետ բանակցությունները դեռ հնարավոր են․ միջազգային անցուդարձ
Գազայի հատվածում մարտերը դադարեցնելու համար ՀԱՄԱՍ–ը պետք է ազատի բոլոր պատանդներին, հայտարարել է պատանդների հարցերով ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ Ադամ Բոուլերը։
«Պատանդներին ազատ արձակելու դեպքում՝ մարտերն անմիջապես կդադարեն»,- նշել է նա՝ հավելելով, որ պատանդների ազատ արձակումը խաղաղության ճանապարհին առաջին քայլն է։
Բոուլերը կարծում է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ–ի միջև բանակցությունները դեռ հնարավոր են։
Միևնույն ժամանակ՝ The Wall Street Journal–ը, վկայակոչելով պաղեստինյան, իսրայելական և արևմտյան աղբյուրները, մատնանշել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը զգալի ֆինանսական դժվարությունների է բախվել Գազայի հատվածում մարտ ամսին վերսկսված ռազմական գործողություններից հետո և ստիպված է եղել կրճատել վճարումները դաշտային հրամանատարներին, շարքային մարտիկներին և անկլավի կառավարմանը մասնակցող պաշտոնյաներին:
Հրապարակման համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ի ահաբեկչություններից առաջ ՀԱՄԱՍ–ին հաջողվել է կուտակել մոտ 500 միլիոն դոլար, որի մեծ մասը պահեստավորված է եղել Թուրքիայում։ Դրանք հիմնականում Մերձավոր Արևելքի, Արևմտյան Աֆրիկայի, Հարավային Ասիայի և Միացյալ Թագավորության դոնորներից հավաքագրված միջոցներ են եղել: 2023 թվականին ռազմական գործողությունների բռնկումից ի վեր դրամական միջոցների հոսքը զգալիորեն կրճատվել է, իսկ Գազա գումարների դուրսբերումը դժվարացել է։ Աղբյուրների համաձայն՝ ՀԱՄԱՍ–ը նաև գումար է վաստակել անկլավում առևտրային և մարդասիրական ապրանքների շրջանառությունից՝ գանձելով վճարներ առևտրականներից, անցակետերում փոխադրողներից և առգրավելով ապրանքների մի մասը՝ հետագա վերավաճառքի համար: Շարժման ներկայացուցիչները նաև ինքնուրույն որոշ ապրանքներ են գնել արտասահմանից և վաճառել Գազայում, պնդում են աղբյուրները։
2025 թվականի մարտին ռազմական գործողությունների վերսկսումը, Գազա մարդասիրական օգնության ողջ հոսքը դադարեցնելու Իսրայելի որոշումը և շարժման ֆինանսավորման սխեմաների կազմակերպման մեջ ներգրավված ՀԱՄԱՍ–ի մեծ թվով բարձրաստիճան գործիչների վերացումը հանգեցրել են դրամական հոսքի զգալի կրճատմանը:
ՀԱՄԱՍ–ը դադարեցրել է Գազայի որոշ պաշտոնյաների վարձատրությունը, կրկնակի կրճատել է ՀԱՄԱՍ–ի բարձրաստիճան հրամանատարների և իր շարքային մարտիկների աշխատավարձերը: Ինչպես նշել են աղբյուրները, ֆինանսական դժվարությունները բացասաբար են անդրադառնում շարժման մարտիկների բարոյական վիճակի և նրանց կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար նորակոչիկներ ներգրավելու ունակության վրա։