
Բաքվի գազն այնքան էլ կարևոր տարր չէ Եվրոպայի էներգետիկ ապագայի համար․ հետազոտություն
Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը ցանկանում է, որ Եվրամիությունը թուլացնի կարգավորող խոչընդոտները և բարելավի ֆինանսավորման պայմանները՝ բնական գազի՝ ԵՄ արտահանումն ընդլայնելու համար: Սակայն վերջերս հրապարակված տվյալները կասկածներ են հարուցում, թե արդյո՞ք Ադրբեջանը կարող է կատարել մինչև 2027 թվականը ԵՄ տարեկան 20 միլիարդ խորանարդ մետր գազ արտահանելու պարտավորությունը. գրել է Eurasianet-ը:
Բրյուսելում գործող վերլուծական կենտրոնի՝ Բրեյգելի հրապարակած տվյալների համաձայն՝ ադրբեջանական գազի արտահանումն այժմ սխալ ուղղությամբ է ընթանում։ Դրա արտահանումը ԵՄ 2025 թվականի առաջին եռամսյակում նվազել է մինչև 2,84 մլրդ խմ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3,2 մլրդ խմ–ի դիմաց։ 2023 թվականին առաջին եռամսյակի արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 3,07 մլրդ խմ։
Արտահանման ծավալը վերջին երեք տարիներին լճացել է, վկայում են տվյալները։ Ըստ հետազոտության՝ ԵՄ–ը շարունակում է օրական մի փոքր ավելի շատ գազ ստանալ Ռուսաստանից, քան՝ Ադրբեջանից: ԵՄ–ում թերահավատորեն են մոտենում այն հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանը կարող է գազով լցնել որևէ նոր խողովակաշար։ Բրյուսելում քաղաքականություն մշակողները տարակուսում են լրացուցիչ ենթակառուցվածքների համար խոշոր ծախսեր թույլ տալուց: ԵՄ որոշ փորձագետներ արդեն իսկ ուշադիր հետևում են միության գազի ներկրման կարիքներին և եզրակացնում, որ Բաքվի գազն այնքան էլ կարևոր տարր չէ Եվրոպայի էներգետիկ ապագայի համար:
«ԵՄ բնական գազի պահանջարկը նվազում է 2022 թվականից ի վեր՝ կապված արդյունաբերական սպառման անկման, արդյունավետության բարձրացման և վերականգնվող էներգիայի ավելի արագ տեղակայման հետ», – նշվել է Գերմանիայում տեղակայված Heinrich-Böll-Stiftung-ի կողմից հրապարակված վերլուծության մեջ և ընդգծվել, որ Ադրբեջանը Եվրոպայի համար էներգիայի կարևոր, բայց ոչ մի դեպքում անփոխարինելի մատակարար չէ։
«Վերջապես, իր տագնապալի մարդու իրավունքների հետքերով Ադրբեջանը ԵՄ–ի համար քաղաքականապես հակասական գործընկեր է եղել, և շատ ձայներ, այդ թվում՝ Եվրախորհրդարանում, կոչ են արել քննադատաբար վերագնահատել հարաբերությունները», – եզրակացրել են վերլուծաբանները: