
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Ադրբեջանի պետական «Զանգազուր» տանկերի նկատմամբ՝ ռուսական նավթ տեղափոխելու համար․ OCCRP
Կորպորատիվ փաստաթղթերը ցույց են տալիս, որ Մեծ Բրիտանիայի կողմից Ռուսաստանի անունից նավթ տեղափոխելու համար պատժամիջոցների ենթարկված տանկերը պատկանում է Ադրբեջանի կառավարությանը․ բացահայտել է Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտությունների կենտրոնը (OCCRP)։
Ըստ ԱՄՆ Արտաքին քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի վերլուծաբան Մաքսիմիլան Հեսի՝ պետական տանկերի թիրախավորումը նախազգուշացում էր Ադրբեջանի համար այն ժամանակ, երբ նավթով հարուստ երկիրը էներգետիկ պայմանագրեր է կնքում Եվրամիության հետ։
«Սա հստակ նախազգուշացում է, որ Ռուսաստանի պատժամիջոցներից խուսափելուն աջակցելու Ադրբեջանի կողմից հովանավորվող հետագա ջանքերը մեծ ռիսկեր են պարունակում Ադրբեջանի դիվանագիտական դիրքորոշման և, հնարավոր է, ավելի լայն տնտեսության համար», – OCCRP-ի հետ զրույցում նշել է Հեսը։
Մեծ Բրիտանիայի կողմից մայիսի 9-ին հայտարարված լայնածավալ պատժամիջոցների փաթեթը ներառում է նաև ռուսական նավթի առևտրի մեջ մեղադրվող հինգ Ադրբեջանի քաղաքացիների, ինչպես նաև երկու ընկերության։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերի գրասենյակի հայտարարությում նշվել է, որ այն թիրախավորում է «ստվերային նավատորմի գործունեությունը, որն իրականացվել է Պուտինի մերձավորների կողմից»՝ հավելելով, որ նավթի փոխադրումները «ֆինանսավորում են Կրեմլի անօրինական պատերազմը Ուկրաինայում»։
«Զանգազուր» տանկերը ներառված է պատժամիջոցների ենթարկված գրեթե 100 նավերի շարքում։ Ինչպես պարզել է OCCRP-ին, այն պատկանում է Azerbaijan Caspian Shipping Company-ին, որի ֆինանսական հաշվետվությունները ցույց են տալիս, որ ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է Ադրբեջանի կառավարությանը։
Մեծ Բրիտանիայի հայտարարությունը առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը կապվում է ռուսական նավթի արտահանման հետ։ 2024 թվականի հուլիսին Global Witness իրավապաշտպան խումբը մեջբերել է տվյալներ, ըստ որոնց՝ Ադրբեջանի պետական STAR գործարանը մեծ քանակությամբ ռուսական հում նավթ է վերամշակում։
Տվյալների համաձայն՝ վերամշակման գործարանից ԵՄ ներմուծումը 2024 թվականի առաջին երեք ամիսներին աճել է 40 տոկոսով՝ համեմատած 2022 թվականի նույն ժամանակահատվածի հետ։
«Այս տարի ԵՄ-ի կողմից ներմուծված STAR արտադրանքի մեծ մասը, հավանաբար, արտադրվել է ռուսական նավթից», – նշել է Global Witness-ը։
Ներմուծումը հաջորդել է 2022 թվականի հուլիսին ստորագրված փոխըմբռնման հուշագրին, որի նպատակն էր կրկնապատկել ԵՄ-ի կողմից Ադրբեջանից ներմուծվող գազի քանակը՝ որպես դաշինքի՝ ռուսական էներգիայից ազատվելու ջանքերի մաս։
Անցյալ ամիս Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասը մեկնել էր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու՝ արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ առևտրի հարցեր քննարկելու համար։
Հեսի խոսքով՝ այս ֆոնին նշանակալից է Մեծ Բրիտանիայի կողմից Ադրբեջանի քաղաքացիների, ընկերությունների և պետական սեփականություն հանդիսացող տանկերի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու որոշումը։
Նա հավելել է, որ նախկինում British Petroleum անունով հայտնի էներգետիկ հսկան խոշոր գործունեություն է իրականացնում Ադրբեջանում, ուստի՝ Մեծ Բրիտանիան «պատմականորեն դժկամությամբ է որևէ գործողություն ձեռնարկել Բաքվին թիրախավորելու համար՝ հաշվի առնելով BP-ի համար ադրբեջանական շուկայի կարևորությունը»։
Նավագնացության տվյալները ցույց են տալիս, որ պետական «Զանգազուրը» վերջին տարվա ընթացքում պարբերաբար այցելել է Ռուսաստան։ Այն 11 անգամ ուղևորվել է դեպի Պրիմորսկ՝ Սանկտ Պետերբուրգից մի քանի ժամ արևմուտք գտնվող ռուսական նավահանգիստ, որտեղ գտնվում է նավթային տերմինալ։
Տվյալները ցույց են տալիս, որ «Զանգազուրը» վեց անգամ ուղևորվել է Ալիագայից դուրս գտնվող Նեմրութ թուրքական նավահանգիստ։ Միջերկրական ծովի արևմտյան ափին գտնվող թուրքական քաղաքում է գտնվում Ադրբեջանի պետական «STAR» վերամշակման գործարանը։