
Ո՞վ է պաշտոնանկ արված ՀՀ ոստիկանապետն ու ի՞նչով է աչքի ընկել պաշտոնավարման տարիներին
Արամ Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ ՆԳ փոխնախարար, ՀՀ ոստիկանապետի պաշտոնից: Վերհիշենք՝ ո՞վ է Արամ Հովհաննիսյանը, ի՞նչ սկանդալներով է աչքի ընկել պաշտոնավարման տարիներին:
Արամ Հովհաննիսյանը կադրային ոստիկան է, կարիերան սկսել է 1990-ականներին՝ որպես միլիցիոներ` Արտաշատի ՆԳ բաժնում։ Հետո բարձրացել է ծառայողական աստիճաններով՝ զբաղեցնելով տարբեր ղեկավար պաշտոններ։ 2023 թվականի հունվարին նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ՝ միաժամանակ զբաղեցնելով ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնը։ Նա նաև գեներալ-մայորի կոչում ունի, որը ստացել է 2022 թվականին։
Սկանդալներ և քննադատություններ
2024 թվականին «Հետք»-ը հաղորդեց, որ Արամ Հովհաննիսյանի որդին՝ Հրաչյա Հովհաննիսյանը, 2015 թվականին աճուրդով գնել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող հողամաս, որը նախկինում ծառայել է որպես ոստիկանության կայանատեղի։ Նա նաև ապօրինի շինարարություն է իրականացրել հարակից համայնքային հողամասում, որը հետագայում օրինականացվել է Երևանի քաղաքապետարանի որոշումներով։ Այս գործարքները քննադատության առարկա դարձան. Ենթադրվում էր, որ դրանք հնարավոր են դարձել Արամ Հովհաննիսյանի պաշտոնեական դիրքի շնորհիվ։
Որդին այս հրապարակումից հետո հարցազրույց տվեց, հորդորեց չթիրախավորել հորը: «Նշված տարածքը ոստիկանության տարածք չի եղել. եթե դա լիներ ոստիկանության ենթակայության ներքո, ապա այն վաճառելու իրավունք կունենար պետական գույքի կառավարման կոմիտեն, ոչ թե քաղաքապետարանը։ Այստեղից հետևություն, որ տվյալ հողատարածքը եղել է համայնքային սեփականություն, որի սեփականատերը տվյալ ժամանակահատվածում եղել է համայնքը և համայնքի ավագանին։ Իսկ ես տարածքի աճուրդի մասին տեղեկացել եմ քաղաքապետարանի կողմից տեղադրված հայտարարությունից, որին կարող էին ծանոթանալ բոլորը: Օրենքով սահմանված բոլոր կետերը պահպանելով՝ մասնակցել եմ աճուրդին և գնել այն»,-Armlur.am-ին տված հարցազրույցում ասել էր Հրաչյա Հովհաննիսյանը։
2024 թվականի մայիսին՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ընթացքում, Արամ Հովհաննիսյանը աչքի ընկավ իր վարքագծով և ոստիկանին ոչ հարիր խոսույթով։ Նա բողոքի ակցիայի մասնակիցներին անվանել էր «լակոտներ», «համբալ»: Նրա հրահանգով ցուցարարների նկատմամբ կոշտ միջոցներ էին կիրառվել, բազմաթիվ քաղաքացիներ էին ձերբակալվել:
2025 թվականի հունիսի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով Արամ Հովհաննիսյանը ազատվել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնից։ Պաշտոնական պատճառներ չեն նշվել, սակայն մամուլի հրապարակումներ կան այն մասին, որ նա աշխատանքից ազատվելու դիմում է գրել հենց Փաշինյանի հորդորով: