
Պայքար հավատքի համար․ հայ ազգի համար կրոնը «կարմիր գիծ» է․ ռուսական մամուլի անդրադարձը՝ ՀՀ-ում իրադարձություններին
Ռուսական մամուլն ակտիվորեն անդրադարձել է Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների և ԱԱԾ–ի միջև բախմանն Էջմիածնում։ Թեմային անդրադարձել են այնպիսի հեղինակավոր լրատվականներ, ինչպիսիք են TАСС, РИА Новости, Коммерсант, Известия, Lenta.ru, Gazeta.ru, Mk.ru, Независимая Газета, RT և այլ հեղինակավոր գործակալություններ և կայքեր։
Ինչպես նշվել է, Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները ժամանել են Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայր՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանին ձերբակալելու համար: Նրանց առերեսվել են հոգևորականներ և քաղաքացիները, որոնք եկել էին նստավայր: Շեշտվել է, որ վերջերս Հայաստանում ՀԱԵ–ի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև առճակատումը սրվել է: 2025 թվականի մայիսից ի վեր նա ակտիվորեն քննադատում է եկեղեցին և նրա ներկայացուցիչներին, այդ թվում՝ կուսակրոնության երդումը խախտելու համար: Մեղադրանքներ հնչեցել են նաև կաթողիկոս Գարեգին Բ–ի դեմ։ Փաշինյանը նրան կոչ է արել լքել իր պաշտոնը: Չնայած դրան՝ հակամարտության իրական պատճառը համարվում է կաթողիկոս Գարեգին Բ–ի հայրենասիրական դիրքորոշումը և ընդդիմադիր ուժերին նրա աջակցությունը:
Հայկական ընդդիմությունը կոչ է անում իր կողմնակիցներին հավաքվել Էջմիածնում, որպեսզի կանխեն անվտանգության ուժերի կողմից հոգևորականների ձերբակալությունը։ Ազգային անվտանգության ծառայությունը նոր ուժեր է ուղարկում Երևանից Էջմիածին՝ արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու համար, Իսակովի պողոտան փակ է։ Մայիսի 30-ին Փաշինյանը և նրա կինը՝ Աննա Հակոբյանը, իրենց սոցիալական ցանցերում մի քանի գրառումներ են հրապարակել՝ Հայ եկեղեցու ներկայացուցիչների մասին նսեմացնող արտահայտություններով։ ՀՀ դատարանը, Հանրապետության քննչական կոմիտեի պահանջով, ձերբակալել է 15 անձի՝ ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու և իշխանությունը զավթելու մեղադրանքով, որոնցից մի քանիսը «Սրբազան պայքար» ընդդիմադիր շարժման անդամներ են և երկրի այլ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ։
«Սրբազան պայքար» ընդդիմադիր շարժման առաջնորդ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը ևս կալանավորվել է երկու ամսով։ Ընդգծվել է, որ իրավիճակն անսովոր է․ հայ ժողովրդի և եկեղեցու պատմության ընթացքում իշխանությունների կողմից երբեք նման ստոր արարք չի եղել։ Այս փաստը «կարող է պարզապես խրախուսել հասարակությանը ոտքի կանգնել, և կարող են առաջանալ անկանխատեսելի հետևանքներ»։ Հայ ազգի համար «կարմիր գիծը» կրոնն է։