
Դրուզները կզինաթափվեն, կստեղծվի նոր կոմիտե․ մանրամասներ` Սիրիայի անցումային կառավարության և դրուզների միջև ձեռքբերված հրադադարից
Սիրիայի անցումային կառավարության Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է երկրի հարավում գտնվող Սուվեյդա քաղաքում հրադադարի նոր համաձայնագրի մասին։
«Սուվեյդայում կրակը դադարեցվել է դրուզ համայնքի շեյխերի հետ ձեռք բերված համաձայնագրի հիման վրա, և քաղաքում տեղադրվել են անցակետեր», – ասված է նախարարության հայտարարության մեջ։
Նշվում է, որ բոլոր կողմերը պարտավորվել են դադարեցնել ռազմական էսկալացիան և անվտանգության կետերի վրա հարձակումները։
«Հրադադարի պահպանմանը հետևելու համար ստեղծվել է մոնիթորինգի կոմիտե, որը բաղկացած է սիրիական պետության ներկայացուցիչներից և դրուզ համայնքի ավագներից», – ասված է տեքստում։
«Բացի այդ, անվտանգությունը բարելավելու և քաղաքացիների պաշտպանությունն ապահովելու, նահանգային ներքին գործերի համար Սուվեյդայի բնակիչներից անձնակազմ կհավաքագրվի»,- ասված է հայտարարությունում։
Կողմերը համաձայնության են եկել զենքի հանձնման գործընթացը կարգավորող մեխանիզմի շուրջ՝ հաշվի առնելով Սուվեյդա նահանգի սոցիալական և պատմական առանձնահատկությունները։ Կստեղծվի նաև համատեղ կոմիտե՝ խախտումների փաստերը պարզելու, քաղաքացիական բնակչության դեմ կատարված հանցագործությունները հետաքննելու և զոհերի հարազատներին փոխհատուցում վճարելու համար։
Դրուզների հոգևոր առաջնորդ շեյխ Յուսեֆ Ջարբուան ողջունել է ռազմական գործողությունների լիակատար դադարեցման վերաբերյալ համաձայնագիրը։ «Մենք կապ ենք հաստատել Դամասկոսի կառավարության հետ և վերահաստատել մեր հավատարմությունը ազգային ինքնիշխանությանը», – X սոցիալական ցանցում գրել է նա։
Հիշեցնենք, որ օրեր շարունակ Սիրիայի Սուվեյդա քաղաքում բեդվին սուննի ցեղերի և դրուզ կրոնական փոքրամասնության զինյալների միջև տեղի ունեցած բռնությունների հետևանքով զոհվել է 100-ից ավել մարդ։