
Իսրայելը փորձում է մասնատել մեր երկիրը, բայց մենք կպահպանենք միասնությունը․ Ահմադ ալ-Շարաա
Սիրիայի Հանրապետության ժամանակավոր նախագահ Ահմադ ալ-Շարաան հայտարարություն է տարածել, որում ընդգծել է սիրիացի ժողովրդի վճռականությունը՝ պահպանելու երկրի տարածքային ամբողջականությունը արտաքին միջամտության պայմաններում։
«Սիրիացիները, իրենց հին պատմությամբ, միշտ մերժել են բաժանման ցանկացած ձև։ Մենք այս հողի զավակներն ենք, և հենց մենք ենք, որ կարող ենք դիմադրել իսրայելական կազմավորման՝ մեզ մասնատելու փորձերին», – ասել է նա։
Պետության ղեկավարը նշել է, որ դրուզները սիրիացի ժողովրդի անբաժանելի մասն են կազմում և ընդգծել, որ այս համայնքի պաշտպանությունը կառավարության համար առաջնահերթություն է։
Նրա խոսքով՝ նախորդ ռեժիմի անկումից ի վեր, Իսրայելը ձգտել է Սիրիայի տարածքը վերածել հակամարտությունների ասպարեզի և թուլացնել երկրի ներքին միասնությունը։
Ալ-Շարաան ասել է, որ Սիրիան օտարերկրյա դավադրությունների և արտաքին նկրտումների փորձադաշտ չէ։ Նոր Սիրիայի կառուցումը պահանջում է կենտրոնանալ երկրի շահերի վրա և չներքաշել այն քաոսի մեջ։
«Մենք պատերազմից չենք վախենում, բայց մենք ժողովրդի շահերն ենք ընտրել՝ ավերածություններից և անկարգություններից վեր։ Մեր լավագույն ընտրությունը հայրենիքի միասնության պահպանումն է», – ընդգծել է նա։
Սուվեյդա նահանգում անվտանգությունը փոխանցվել է տեղական ուժերին և հարգարժան շեյխերին՝ սրացումից խուսափելու համար։
Ալ-Շարաայի խոսքով՝ Սիրիան միտումնավոր խուսափել է հակամարտություններին ներգրավվելուց՝ կայունությունն ու անվտանգությունը պահպանելու համար։ «Իշխանություն ունենալը չի նշանակում ավտոմատ հաղթանակ։ Դուք կարող եք պատերազմ սկսել, բայց դժվար է վերահսկել դրա հետևանքները», – նշել է նա։
Նախագահը նշել է, որ սիրիական պետությունը օգտագործել է բոլոր ինստիտուտները՝ Սուվեյդա նահանգում ներքին հակամարտությունը դադարեցնելու համար և վերականգնել է կարգուկանոնը։ «Նախորդ ռեժիմի անկումից ի վեր Իսրայելը չի դադարեցրել Սիրիան մասնատելու փորձերը», – եզրափակել է ալ-Շարաան։