
Դրուզների հարցը պատրվակ է՝ Իսրայելի ռազմական ներկայությունը Սիրիայում արդարացնելու համար. միջազգայնագետ
Իսրայելա-սիրիական խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների ֆոնին Իսրայելը նոր հարվածներ է հասցնում Սիրիայի մայրաքաղաքին՝ թիրախավորելով երկրի պաշտպանության նախարարության շենքը, նախագահի նստավայրի մոտ գտնվող տարածքը։ Երեքշաբթի և չորեքշաբթի Սիրիայի հարավում բախումներ են տեղի ունեցել դրուզների և բեդվինների միջև։
Դրուզները իսլամից տարանջատված հավատքի հետևորդներ են, բնակվում են Սիրիայում, Լիբանանում և Իսրայելում։ Չորեքշաբթի մի խումբ իսրայելցի դրուզներ խախտել են սահմանային ցանկապատը և միացել Սիրիայի կողմում գտնվող իրենց ազգակիցներին։ Ըստ միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանի՝ այս կոնֆլիկտն ունի առնվազն երեք շերտ՝ ներքին, իսրայելական և տարածաշրջանային։
Ներքին շերտում, ըստ Մելքոնյանի, տարիներ շարունակ շարունակվող լարվածությունն է Սիրիայի իշխանությունների և ազգային փոքրամասնությունների՝ հատկապես դրուզների միջև։ «Բախումները Սուվեյդայում տեղի ունեցան սիրիական իշխանությունների աջակցությամբ․ հենց նրանք են աջակցել բեդվինների խմբերին։ Իսկ երբ դրուզները դիմադրեցին, արդեն ռազմական գործողություններին միացավ նաև Սիրիայի պաշտոնական բանակը», – նշել է փորձագետը։
Իսրայելում տեղի ունեցող քաղաքական ճգնաժամը, ըստ նրա, այս պահին խթանում է իշխանությունների՝ արտաքին ակտիվության աճը։ «Իսրայելում գործող կառավարության փլուզման վտանգ կա։ Նեթանյահուի համար արտաքին թշնամու և ճգնաժամի ֆոնը կարող է օգտակար լինել՝ ներքաղաքական աջակցությունը պահելու տեսանկյունից։ Հենց այդ պատճառով էլ Իսրայելը սկսում է ակտիվանալ Սիրիայի հյուսիսում, հատկապես հաշվի առնելով, որ Իրան-Իսրայել հակամարտությունում առայժմ հարաբերական դադար է», – նշել է Մելքոնյանը: Մելքոնյանը հիշեցնում է, որ Իսրայելն արդեն տարիներ շարունակ Սիրիայի հարավում, այսպես կոչված, «անվտանգության գոտի» է ստեղծում: «Անցյալում Իսրայելը տրամադրում էր աջակցություն` ահաբեկչական խմբավորումներին, որպեսզի նրանք դիմադրեն Ասադի իշխանությանը։ Դրուզներին աջակցելն էլ այս նույն ծրագրի մի մասն է», – հավելել է նա: