
Բնակարաններ լցվող կոյուղաջրեր և օձեր՝ քարոզարշավին խոստացված բնակարանների փոխարեն
Երևանի Վարդաշեն թաղամասի բնակիչներն իրենց խաբված են զգում։ 2023 թվականի ավագանու նախընտրական քարոզարշավի ժամանակ Տիգրան Ավինյանն այցելել էր Վարդաշենի 66 և 66/1 հասցեների վթարային շենքերի բնակիչներին, խոստացել՝ եթե իրեն ընտրեն, ապա շենքերի բնակիչներին կապահովի բնակարաններով։ Ընտրությունից 2 տարի անց այս մարդիկ շարունակում են ապրել անմարդկային պայմաններում։
2021 թվականին շենքերը 4-րդ կարգի վթարային են ճանաչվել։ Մարդիկ մեկ տանիքի տակ ապրում են օձերի և այլ միջատների հետ։ Չունեն լուսամուտներ, շքամուտքի դռներ, իսկ կույուղաջրերը լցվում են մարդկանց բնակարաններ։ Շենքերը հնությունից թեքվել են՝ 5 հարկից դառնալով 4 հարկ։
«Նորից ինչ-որ թղթեր են ուզում։ Մենք բոլոր թղթերը ներկայացրինք, քաղաքապետարանից մեզ ասացին, որ կադաստրից է թուղթ պետք։ Անգամ անչափահաս երեխաներն այդ թուղթը պետք է ներկայացնեն։ Մեզ 2 տարի առաջ քարոզարշավին խոստացան, որ եթե իրենց ընտրենք, մեզ բնակարաններ կտան մեկ ու կես տարվա ընթացքում, բայց դեռ ապրում ենք այնպիսի շենքում, որ չգիտենք արթնանանք՝ կանգուն կլինի՞, թե՞ ոչ: Ասել են՝ այդ թղթերը հավաքեք լավ կլինի, մենք էլ հավաքում ենք»,- ABC media-ի հետ զրույցում ասել է Վարդաշենի բնակիչներից մեկը։
Քաղաքապետարանից ABC media-ին փոխանցեցին, որ 3 միլիարդ դրամ է անհրաժեշտ Վարդաշենի բնակիչներին բնակարանով ապահովելու համար, որն անհրաժեշտ է քննարկել Կառավարության հետ։ Հստակ ժամկետներ չեն կարող նշել, որովհետև նախ բոլոր բնակիչները պետք է ներկայացնեն համապատասխան փաստաթղթերը, հետո միայն նոր նախագիծը կներկայացվի Կառավարություն։