28 Օգս
2025
26° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աթեիստ, «Գարդասիլ» պատվաստանյութի և ծխախոտի դեմ պայքարի ջատագով. ինչո՞վ է աչքի ընկել նախարար նշանակված Արսեն Թորոսյանը

Աթեիստ, «Գարդասիլ» պատվաստանյութի և ծխախոտի դեմ պայքարի ջատագով. ինչո՞վ է աչքի ընկել նախարար նշանակված Արսեն Թորոսյանը

Օրերս պատգամավորական մանդատից հրաժարված պատգամավոր  Արսեն Թորոսյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Այդ պաշտոնում նա կփոխարինի այսօր ԱՄՆ-ում դեսպան նշանակված Նարեկ Մկրտչյանին։

Առողջապահության նախարարի պաշտոնում աշխատել է 2018-2020 թթ՝ հեղափոխությունից հետո։ Մինչ այդ ապագա նախարարը ակտիվ մասնակցել էր Երևանում տեղի ունեցող հակառուսական բողոքի ակցիաներին։ Որպես աթեիստ դեմ էր հանդես եկել դպրոցներում հայ եկեղեցու պատմության դասավանդմանը և հաճախ էր խոսում եկեղեցու դեմ:

Եթե չլիներ 2018-ի «Թավշյա հեղափոխությունը», Թորոսյանը ոչ թե նախարար կնշանակվեր, այլ ընտանիքի հետ կարտագաղթեր Միացյալ Նահանգներ. ինքն է խոստովանել:

Պաշտոնավարման սկզբում, ապացուցելու համար, որ կանաչած Սևանի ջուրն առողջության համար վտանգավոր չէ, Արսեն Թորոսյանը լողաց  Սևանում՝ չնայած դրանից կարճ ժամանակ անց նախարարությունը հակառակի մասին հաղորդագրություն էր տարածել:

Հետո շարունակեց ակտիվորեն պայքարել հանրային վայրերում ծխելու դեմ և կարողացավ խստացնել քաղաքականությունն այդ ոլորտում:

Առողջապահության նախարարի պաշտոնում Թորոսյանը «Պապիլոմա» վիրուսի դեմ պատվաստանյութի՝ «Գարդասիլի» ներմուծման ջատագովներից էր, որը, հասարակությունը միանշանակ չընդունեց, բայց Թորոսյանը մինչև նախարար դառնալն էլ դրական էր վերաբերվում այս պատվաստանյութին։

Հետո Կորոնավիրուսի փուլն էր: 2020 թ․ COVID-19 համավարակի տարածման շրջանում նա հայտնվեց հանրային ուշադրության կենտրոնում։ Թորոսյանը պարբերաբար հանդես էր գալիս մամուլի ասուլիսներով, սակայն նրա հայտարարությունները բազմիցս քննադատվեցին հակասական լինելու համար։ Վիճահարույց դարձան մահացության թվերի մասին հրապարակումները, հիվանդանոցների ծանրաբեռնվածության մասին տվյալները, ինչպես նաև բուժանձնակազմի աշխատանքի կազմակերպումը։ Նրա ընդդիմախոսները Թորոսյանին մեղադրում էին անհետևողականության և թվերի մանիպուլյացիայի համար։ Ընդդիմադիր քաղաքական ուժերը նրան մեղադրում էին համավարակի կառավարման սխալների և համակարգի անարդյունավետության համար։

Այսքանով սկանդալները չավարտվեցին։ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Գևորգ Թամամյանը գրեց, որ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը նախարարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում 1 մլրդ դրամի ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել կնոջը պատկանող ՄԻԲՍ ԲԿ-ի հետ։ Առողջապահության նախարարությունն էլ պարզաբանեց, որ 2018, 2019, 2020  2021 թվականների ընթացքում «ՄԻԲՍ»-ի հետ կնքվել է 25,176   98,934   91,982   72,680 մլն. ՀՀ դրամ: Այսինքն 4 տարիների ընթացքում «Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» համար հատկացված մոտ 4, 5 մլրդ դրամից Միբսին է  հատկացվել 288,772 մլն դրամը:

 

Այդուամենայնից 2021 թվականի հունիսի 20-ին ՔՊ-ի հետ մասնակցեց խորհրդարանի արտահերթ ընտրությանը և ընտրվեց 8-րդ գումարման ԱԺ պատգամավոր։

 

Արսեն Թորոսյանը ամուսնացած է, ունի երկու երեխա։ Նա ՀՀ ԶՈՒ-ում ծառայել է ընդամենը 10 ամիս՝ առողջական խնդիրների պատճառով ազատվել է։

 

 

 

 

Ռազմագերիներ