
Վալոդյա Գրիգորյանի սպանության համար մեղադրվողը Մերձավանի գերեզմանատուն է եկել ՔԿ-ի ուղեկցությամբ
Այսօր Մերձավան համայնքում Քննչական կոմիտեն հատուկ գործողություններ է իրականացրել։ Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության համար մեղադրվող Գևորգ Հարությունյանին է տեղափոխել գերեզմանատուն, Հարությունյանը ցույց է տվել այն վայրերը, որտեղ կրակել է սովորել։
«Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել են քննչական գործողություններ: Կատարվել է մեղադրյալի կողմից մատնանշված տեղանքի զննություն, որտեղ վերջինս համաձայն իր ցուցմունքի՝ սովորել է կրակել»,- ABC media-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
Սպանությունից հետո արդեն 13 օր է՝ շուրջօրյա վերահսկողությամբ է ապրում համայնքը․ ոստիկանական հենակետեր կան Մհեր Ախտոյանի, Վալոդյա Գրիգորյանի առանձնատան, հայրական տան դիմաց։ Ներքին գործերի նախարարությունից տեղեկացրել են՝ վերահսկողությունը հետագա գործողությունները կանխելու, անվտանգ միջավայր ստեղծելու համար են արվում։
Մերձավանում լուռ ու տեսախցիկից խույս տալով են քայլում մարդիկ։ Վարկածներ, կասկածներ փորձում են չասել. տագնապած են։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Սպանվել են Փարաքարի համայնքապետն ու ևս մեկ անձ: Մեկ անձ վիրավոր է։