10 Հոկ
2025
14° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ահազանգ փաստաբանից. դատախազությունն անհապաղ պետք է դիտարկի Արսեն Ղուկասյանի առողջական խնդիրները 

Ահազանգ փաստաբանից. դատախազությունն անհապաղ պետք է դիտարկի Արսեն Ղուկասյանի առողջական խնդիրները 

Այսօր ՀՀ գլխավոր դատախազության դիմաց, հաջակցություն  կալանավորված Արսեն Ղուկասյանի՝ անցկացվել է բողոքի ակցիա:

Փաստաբան Տաթև Սողոյանը նախորդ օրն այցելել է Ղուկասյանին և լրագրողների հետ զրույցում նրա առողջական վիճակի մասին մանրամասներ է հայտնել։

«Արսեն Ղուկասյանը մշտապես տառապում է գլխապտույտներից, գլխացավերից և սրտի զարկերակային բարձր ճնշումից, որոնք հատկապես կալանքի պայմաններում ավելանում են։ Նա նաև դժվարություններ ունի քայլելիս և բարձրանալիս, օրինակ՝ աստիճաններով տեղաշարժվելիս»,- նշել է փաստաբանը։

Տաթև Սողոյանն ընդգծել է, որ Ղուկասյանը «պինդ և ուժեղ մարդ է» և երբեք իր առողջության հիմքով հատուկ վերաբերմունք չի պահանջել, սակայն ներկայիս վիճակը մտահոգիչ է.

«Մենք գիտենք, որ նրա բժշկական փաստաթղթերը ցույց են տալիս, թե ինչպես է այս մարդը առողջական վատ վիճակի բարձր ցուցանիշներով շարունակում  մնալ ոտքի վրա։ Սակայն ուղիղ ցուցման պարագայում, որ անմիջապես նեղ մասնագետի ստուգման կարիք կա, արդեն հինգերորդ օրն է, այդ իսկ  ցուցումը չի իրականացվում»,- ասել է Սողոյանը:

Փաստաբանը հերքել է նաև վերջին օրերին տարածված տեսանյութը, որտեղ իբրև թե Արսեն Ղուկասյանը հարվածում է երկաթի ձողով:

«Ամեն ինչ եղել է ձեռնափայտով, որը կապված է եղել ծնկահոդի վնասվածքի հետ։ Նա թափահարել է այն, բայց ոչ մի հարված որևէ մեկին չի հասցրել»,- ասել  է Տաթև Սողոյանը։

Նա նաև տեղեկացրել է՝ հարազատներն ակնկալում են, որ դատարանը կամ դատախազությունը կալանքի խափանման միջոցը կփոխի մինչ երեկո։ Փաստաբանն ընդգծել է, որ օրենքով այս որոշումը կայացնելու լիազորությունը պատկանում է դատախազությանը:

«Ակնկալիքս մեկն է, որ ինչպիսի անհապաղությամբ կայացվում են կալանքների որոշումները, նույն անհապաղությամբ էլ քննության առարկա դառնան մեր կողմից ներկայացված առողջության վերաբերյալ անհետաձգելի ստուգումների և հաշվի առնելու հանգամանքը, և անհապաղ ազատ արձակեն Արսեն Ղուկասյանին»,- ասել է Տաթևիկ Սողոյանը:

Նա հայտնել է, որ Արսեն Ղուկասյանի հարցաքննությունն ավարտվելուն պես վարույթն իրականացնող մարմնին ներկայացվել են այդ բոլոր փաստաթղթերը, արձանագրվել է հոսպիտալացման անհրաժեշտություն, որը չի ապահովվել:

«Նախորդ օրը նրան այցելել են ՄԻՊ աշխատողները, նրանք արձանագրել են այն անհամապատասխանությունները, որոնք կան Արսեն Ղուկասյանի առողջական վիճակի և պահման պայմանների հետ: 24 ժամից ավել է այդ անհապաղ միջնորդությունը գտնվում է Դատախազության տիրապետության ներքո, բայց մինչ այս պահը ոչ մի նորություն չկա»,- նշել է պաշտպանը:

Ռազմագերիներ