10 Հոկ
2025
14° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ջրականի 5-րդ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը դատապարտվեց 16 տարի ազատազրկման․ «Հետք»

Ջրականի 5-րդ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը դատապարտվեց 16 տարի ազատազրկման․ «Հետք»

Ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը դատապարտվեց 16 տարի ազատազրկման։ Վճիռն այսօր՝ հոկտեմբերի 10-ին հրապարակեց Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանը․ գրում է «Հետք»-ը։

Բացի այդ, ըստ դատարանի որոշման՝ նշանակվեց լրացուցիչ պատիժ, և Վահանյանը զրկվեց ՀՀ ԶՈւ մայորի զինվորական կոչումից։

Ուղիղ 5 տարի առաջ այս նույն օրը՝ 2020թ. հոկտեմբերի 10-ին է հակառակորդը հարձակվել Խուռհատ սարի վրա, որտեղ տեղակայված էր Ջրականի 5-րդ գումարտակը, մեծամասամբ՝ նորակոչիկներ։ Ըստ վկայությունների՝ Իշխան Վահանյանն իջել է սարից՝ ասելով, թե վիրավոր է, նստել է մեքենան և գնացել՝ իր հետ տանելով նաև կապի միջոցը։ Ուղիղ 5 տարի անց նորակոչիկներին միայնակ թողնելու և մարտի դաշտը լքելու մեջ մեղադրվող հրամանատարը դատապարտվեց ազատազրկման։

Վահանյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ գործող քրեական օրենսգրքի 546-րդ հոդվածի 1-ին մասով և 549-րդ հոդվածի 3-ին մասով, և պատիժները մասնակի գումարելով՝ վերջնական պատիժ նշանակվեց ազատազրկում 16 տարի ժամկետով: Իշխան Վահանյանի նկատմամբ նշանակվող պատժից կհաշվանցվի վերջինիս կողմից փաստացի կալանքի տակ գտնվելու  4 տարի 1 ամիս 26 օր ժամկետը և նրան կմնա կրելու 11 տարի 10 ամիս 4 օր ժամկետով ազատազրկում։

Հիշեցնենք՝ հանրային մեղադրողը պահանջել էր ամբաստանյալ Իշխան Վահանյանին մեղավոր ճանաչել և վերջնական պատիժ նշանակել՝ ազատազրկում 18 տարի ժամկետով:

Ռազմագերիներ