
«Զանգեզուրի միջանցքի» և «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի միջև մրցակցություն չի լինի․ Շոյգու
«Զանգեզուրի միջանցքը» և «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ․ ինչպես հայտնում է ТАСС-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ ԱՊՀ Անվտանգության խորհրդի քարտուղարների 13-րդ նիստից հետո։
«Ես կարծում եմ, որ երկու ճանապարհներն էլ ոչ միայն գոյության իրավունք ունեն, այլև անհրաժեշտ են Ադրբեջանը նրա տարածաշրջանների հետ կապելու և երկրների միջև առևտրային տրանսպորտային միջանցքների ի հայտ գալու համար»,- հայտարարել է նա։
Շոյգուն հիշեցրել է, որ «Հյուսիս-Հարավ» միջանցքը հարավի խորքում գտնվող նավահանգիստները կապում է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի և Հյուսիսային ծովային ճանապարհի հետ։
«Ես դրանում որևէ վատ բան չեմ տեսնում։ Եվ մրցակցություն, թե ինչ-որ մեկը կշրջանցի մյուսին, կամ մեկով կիրականացվեն տեղափոխումներ, մյուսով՝ ո՛չ, չկա»,- ընդգծել է Շոյգուն։ Նա հավելել է, որ Ռուսաստանը հսկայական երկիր է՝ բարձր զարգացած տրանսպորտային ցանցով, և «ցանկացած ճանապարհ միշտ լավ բան է»։


