
Անհասկանալի է այս մարդկանց պահվածքն ու մոտեցումը․ Վանեցյանը՝ ՀՀ նախագահի՝ Ալիևին շնորհակալություն հայտնելուն
Այսօր շատ կարևոր օր է, շատ կուզեի՝ նման օր ընդհանրապես մեր պատմության մեջ չլիներ, բայց այսօր բոլորս պետք է ոգեկոչենք մեր անմահացած հերոսներին․ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Այսօր պետք է խոնարհվենք նրանց ծնողների, երեխաների, կանանց, եղբայրների, քույրերի առջև, նրանք իրենց ամենաթանկը տվել են ամենաթանկին, տվել են հայրենիքին, տվել են, որպեսզի մենք կարողանանք այսօր ապրել և գոյատևել։ Խոնարհումս բոլոր նահատակված հերոսներին»,- ասել է Վանեցյանը։
Նա նշել է, որ այժմ պետք է այնպես անել, որ մեր երկրում նոր զոհեր չլինեն, կարողանանք ապրել, գոյատևել ու զարգանալ։
Անդրադառնալով Դավոսում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Իլհամ Ալիևին շնորհակալություն հայտնելուն՝ Վանեցյանն արձագանքել է․ «Անհասկանալի է այս մարդկանց պահվածքն ու մոտեցումը, միգուցե մարդ էլ պետք չէ իրենց ասել։ Ցավում եմ, որ նման իրավիճակ ունենք, հուսով եմ՝ առաջիկայում այդ ամենը կշտկվի»։


