07 Մայ
2026
21° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պատրաստ ենք գնալ Բաքու․ Դավիթ Իշխանյանի որդին բացառիկ հարցազրույց է տվել ABC Media-ին

Պատրաստ ենք գնալ Բաքու․ Դավիթ Իշխանյանի որդին բացառիկ հարցազրույց է տվել ABC Media-ին

Դավիթ Իշխանյանի և Բաքվում պահվող մյուս գերիների ընտանիքները պատրաստակամ են Բաքու գնալու և նրանց հարազատներին տեսակցելու․ ABC media-ի հետ բացառիկ հարցազրույցում ասել է Դավիթ Իշխանյանի որդին՝ Արմեն Իշխանյանը։

«Ոչ միայն Ռուբեն Վարդանյանի ընտանիքն է պատրաստակամություն հայտնել, այլ նաև մենք՝ բոլոր գերիների ընտանիքները, պատրաստակամություն ենք հայտնել գնալու: Այժմ համապատասխան մարմինների հետ քննարկում ենք այդ թեման»,- ասել է Արմեն Իշխանյանը։

Իշխանյանի ընտանիքը վերջին անգամ Դավիթ Իշխանյանի հետ խոսել է մայիսի 6-ին, իսկ ի՞նչ ազդեցություն է ունեցել ԿԽՄԿ բացակայությունը Ադրբեջանում ընտանիքի և գերության մեջ գտնվող հարազատների համար։

«Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի բացակայության պատճառով չենք կարող սնունդ և հիգիենայի պարագաներ ուղարկել, տեղյակ չենք նաև պահման պայմաններից»,- ասել է Արմեն Իշխանյանը։

Դավիթ Իշխանյանի որդու խոսքով՝ հոր գերության մեջ գտնվելու ընթացքում իրենց ընտանիքն ընդամենը մեկ անգամ է հանդիպել ՀՀ ՄԻՊ-ին։

«Այս երկուսուկես տարվա ընթացքում ՄԻՊ-ի հետ հանդիպել ենք մեկ անգամ՝ մեր նախաձեռնությամբ: Բարձրացրել ենք որոշ հարցեր, որին խոստացել էր պատասխաններ տալ, բայց մինչ օրս պատասխանները չկան։ Անահիտ Մանասյանն ասեց, որ կապի մեջ է Ադրբեջանի գործընկերոջ հետ և կփորձի մեզ օգնել որոշ հարցերում»,- եզրափակել է Դավիթ Իշխանյանի որդին՝ Արմեն Իշխանյանը։

Հիշեցնենք՝ մայիսի 6-ին Բաքվի բանտից Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը ձայնագրություն է ուղարկել։ Նա դիմել է Հայաստանի ՄԻՊ-ին ու հայ ժողովրդին։ Այսօր ուղերձ է հղել նաև Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանը ու խոսել բանտային անմարդկային պայմանների մասին։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026