
Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ՍԴ նախագահ Արման Դիլանյանը
ՍԴ նախագահ Արման Դիլանյանի ընտանիքը 2025 թվականին 111 միլիոն դրամով հողամաս է գնել, վաճառել է բնակարան, իսկ տարեվերջին հայտարարագրել շուրջ 96 մլն դրամի եկամուտ և 90 միլիոն դրամի պարտավորություններ։
Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի և նրա կնոջ՝ Նաիրա Ալեքսանյանի հայտարարագրերից պարզվում է, որ ընտանիքը 2025 թվականին Երևանում համատեղ սեփականությամբ հողամաս է ձեռք բերել՝ վճարելով ավելի քան 111,3 միլիոն դրամ։ Նույն տարվա ընթացքում նրանք նաև վաճառել են համատեղ սեփականություն հանդիսացող բնակարան՝ 57,4 միլիոն դրամով։
Ընտանիքը հայտարարագրել էր հինգ անշարժ գույք՝ երեք բնակարան, մեկ հողամաս, մեկ ավտոկայանատեղի և մեկ արտադրական նշանակության շինություն, բնակարաններից մեկը, սակայն, 2025-ի ընթացքում վաճառել են։
Հայտարարագրերում ուշադրություն է գրավում նաև այն, որ Նաիրա Ալեքսանյանի 111,3 միլիոն դրամի անտոկոս փոխառությունը 2025 թվականին ամբողջությամբ վերադարձվել է։
Ընտանիքի հայտարարագրված եկամուտները կազմել են մոտ 96 միլիոն դրամ, որի հիմնական մասը բնակարանի վաճառքից ստացված գումարն է։ ՍԴ-ից Դիլանյանը մոտ 27 մլն դրամ է ստացել։
2025 թվականի ավարտին Դիլանյանների ընտանիքը հայտարարագրել է շուրջ 57,6 միլիոն դրամի դրամային միջոցներ՝ բանկային հաշիվներում և կանխիկ, իսկ պարտավորությունների ընդհանուր մնացորդը կազմել է մոտ 89,9 միլիոն դրամ։ Դրանց թվում են հիփոթեքային վարկը, երկու անտոկոս փոխառությունները և բանկային վարկը։
2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Նաիրա Ալեքսանյանը հայտարարագրել է 22 հազար ԱՄՆ դոլար կանխիկ գումար, և 10 հազար ԱՄՆ դոլար որպես նվիրատվություն է ստացել հորից՝ Ռոմիկ Ալեքսանյանից։
Արման Դիլանյանը տարվա ընթացքում հայտարարագրել է նաև ավելի քան 30,4 միլիոն դրամի ծախսեր։ Դրանց մեծ մասը վերաբերում է անշարժ գույքի վերանորոգմանը, վարկի մարմանը, ուսման և դասընթացների, ինչպես նաև հանգստի ճանապարհածախսին ու կեցությանը։
Հայտարարագրերի համաձայն՝ ամուսինները տրանսպորտային միջոցներ, արժեթղթեր, կրիպտոակտիվներ կամ 4 միլիոն դրամից ավելի արժեք ունեցող թանկարժեք շարժական գույք չեն հայտարարագրել։


