
Դատարանը հաստատեց Մայր Աթոռի դիրքորոշումը․ Տեր Եսայի
Դատարանի այս որոշումը հաստատում է Մայր Աթոռի՝ բազմիցս արտահայտած դիրքորոշումը․ ABC Media-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տ. Եսայի ավագ քահանա Արթենյանը:
«Թեմակալ առաջնորդների և հոգևորականների նշանակումն ու պաշտոնից ազատումը Եկեղեցու ներքին գործն են և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բացառիկ իրավասությունը։ Այս որոշումը կարևոր քայլ է արդարության վերականգնման ուղղությամբ՝ ի պաշտպանություն Եկեղեցու ինքնակառավարման իրավունքի։
Ակնկալում ենք, որ նույն արդարամիտ մոտեցումը կդրսևորվի նաև մյուս հոգևորականների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումների առնչությամբ»,- մեզ հետ զրույցում ասել է Տեր Եսայի ավագ քահանա Արթենյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կարճել է Արման Սարոյանի՝ նախկինում Գևորգ եպիսկոպոսի հայցով հարուցված քաղաքացիական գործի վարույթը։ Սարոյանը պահանջում էր անվավեր ճանաչել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությունը և վերականգնել իրեն այդ պաշտոնում։


