09 Նոյ
2026
4° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պայքարի 44 օր ու մեկ փաստաթուղթ․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց էլ անպատասխան հարցեր կան

Պայքարի 44 օր ու մեկ փաստաթուղթ․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց էլ անպատասխան հարցեր կան

Վեց տարի առաջ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեցին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարությունը։

44 օր տևած պատերազմն ավարտվեց հայկական կողմի ծանր պարտությամբ։ Փաստաթուղթը Հայաստանում ընկալվեց որպես կապիտուլյացիա, իսկ նոյեմբերի 9-ը դարձավ պետական և ազգային ողբերգության խորհրդանիշ։

Վեց տարի է անցել, սակայն այդ օրվա հետևանքները շարունակում են պայմանավորել Հայաստանի քաղաքական, անվտանգային և հասարակական օրակարգը։

Հիշենք՝ ինչ տեղի ունեցավ

  • 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի դեմ։
  • 44 օր շարունակ հայկական զինված ուժերը դիմադրում էին ադրբեջանական և թուրքական զինված ուժերին, ինչպես նաև պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից կիրառվող օտարերկրյա վարձկաններին։
  • Նոյեմբերի 8-ին Ադրբեջանը հայտարարեց Շուշիի գրավման մասին։ Շուշիի անկումը դարձավ պատերազմի վճռորոշ հանգրվաններից մեկը։
  • Նոյեմբերի 9-ին հայկական կողմը համաձայնեց ռազմական գործողությունների դադարեցման պայմաններին։ Նույն օրը ադրբեջանական զինուժը Նախիջևանի ուղղությամբ խոցեց ռուսական ռազմական ուղղաթիռը, ինչի հետևանքով երկու ռուս զինծառայող զոհվեց։
  • Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ստորագրվեց եռակողմ հայտարարությունը։ Այն նախատեսում էր ռազմական գործողությունների դադարեցում, տարածքների հանձնում, ռուս խաղաղապահների տեղակայում։
  • 2020 թվականի դեկտեմբերի 1-ին ավարտվեց Քարվաճառի, Ակնայի և Բերձորի շրջանների՝ հայտարարությամբ նախատեսված հանձնումը։

Ի՞նչ եղավ դրանից հետո

  • 2022 թվականի դեկտեմբերին Ադրբեջանը փաստացի արգելափակեց Լաչինի միջանցքը՝ մեկուսացնելով Արցախը Հայաստանից և արտաքին աշխարհից։
  • 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը նոր ռազմական գործողություն սկսեց Արցախի դեմ։
  • 2023 թվականի սեպտեմբերի 20-ին հայտարարվեց ռազմական գործողությունների դադարեցման մասին։
  • Հաջորդող օրերին ավելի քան 120 հազար արցախահայեր բռնի տեղահանվեցին իրենց հայրենիքից։ Արցախի հայաթափումը դարձավ 44-օրյա պատերազմի ավարտից հետո ձևավորված իրողությունների ամենածանր հետևանքը։

Վեց տարի անց հարցերը չեն վերացել

  • Ո՞վ է պատասխանատու 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից առաջ կայացված քաղաքական ու ռազմական որոշումների համար։
  • Ինչո՞ւ չիրականացվեցին պատերազմի ընթացքում և դրանից հետո հնչեցված մի շարք խոստումներ։
  • Ի՞նչ եղավ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված անվտանգության երաշխիքների հետ։
  • Ինչո՞ւ չկարողացանք կանխել Արցախի հայաթափումը։
  • Եվ ամենակարևորը՝ ի՞նչ դասեր քաղեց Հայաստանի պետությունը 2020 թվականի աղետից։

Նոյեմբերի 9-ը պարզապես տարեթիվ չէ։ Այն հիշողություն է հազարավոր զոհերի, անհետ կորածների, գերիների, տեղահանվածների, կորսված հայրենիքի և պետության առջև ծառացած պատասխանատվության մասին։

Վեց տարի անց էլ այս հարցերը մնում են բաց։ Իսկ առանց դրանց պատասխանների՝ անհնար է խոսել ոչ միայն պատմական արդարության, այլև Հայաստանի ապագա անվտանգության մասին։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ