22 Դեկ
2024
-0.8° c ԵՐԵՎԱՆ
4.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն 5-րդ սերնդի կործանիչները հասանելի է դարձնում Թուրքիային. ինչո՞ւ

ԱՄՆ-ն 5-րդ սերնդի կործանիչները հասանելի է դարձնում Թուրքիային. ինչո՞ւ

ԱՄՆ-ն 5-րդ սերնդի F-35 բազմաֆունկցիոնալ կործանիչները կարող է հասանելի դարձնել Թուրքիայի համար։ Փոխարենը, ռուսական արտադրության С-400 հակաօդային պաշտպանական համակարգերը պետք է փոխանցվեն երրորդ երկրների։

 

Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը՝ Ստամբուլ կատարած այցի ժամանակ։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը չի բացառել, որ Թուրքիան կարող է համաձայնել այս տարբերակին։

 


2019թ.-ին, երբ Անկարան Մոսկվայից գնեց С-400 համակարգերը, Վաշինգտոնը Թուրքիային հեռացրեց նորագույն F-35 կործանիչների մատակարարման ծրագրից։ Սպիտակ տանը պատճառաբանեցին, թե Ռուսաստանը С-400 համակարգերի միջոցով կարող է գաղտնի կերպով տվյալներ կորզել արևմտյան պաշտպանական համակարգերի՝ այդ թվում  F-35-երի մասին։ Այս հայտարարությունը տարօրինակ էր այնքանով, որ Հունաստանում և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում ևս գոյություն ունեն ռուսական հակաօդային համակարգեր, այդ թվում С-300 ներ։ Բայց, զարմանալիորեն, Վաշինգտոնն այս երկրներին F-35 երի մատակարարման հարցում ոչ մի առարկություն չի արել։ Կրեմլում, այս գործընթացները ընկալվեցին, որպես իրենց դիվանագիտության հաղթանակ, որը կարող էր Թուրքիան հեռացնել ՆԱՏՕ-ից։

 


Արտաքին քաղաքական ինստիտուտի վերլուծաբան Հուսեյն Բաղջի կարծիքով, Թուրքիայի կողմից С-400 ների գնման հանգամանքը՝ Վաշինգտոնի հետ ունեցած խորքային քաղաքական տարաձայնությունների հետևանք էր։ Բաղջի պնդմամբ, Անկարայում կասկածներ կային, որ 2016թ.-ին Թուրքիայում տեղի ունեցած անհաջող հեղաշրջման փորձի մեջ ներգրավածություն է ունեցել նաև ԱՄՆ-ն։ Ըստ վերլուծաբանի՝ Թուրքիային С-400 ները հարկավոր էին, իր բանակցային դիրքերը Վաշինգտոնի հետ ամրապնդելու համար։ Այս պնդումը օրինաչափ հարց է առաջացնում։ Այդ ինչպե՞ս ռուսական С-400 համակարգերը կարող էին օգնել Թուրքիային, և ի՞նչ բանակցային դիրքերի մասին է խոսքը։ Եթե, ենթադրենք, որ ԱՄՆ-ն իրոք ներգրաված է եղել Թուրքիայում հեղաշրջում իրականացման ծայրահեղ քայլի մեջ, ապա սա կվկայի միայն այն մասին, որ Անկարայի հետ յուրաքանչյուր բանակցային պրոցես, ինչ-ինչ պատճառներով արդեն իսկ սպառված է եղել։ Եվ, հետևաբար, Թուրքիայի կողմից ԱՄՆ-ի հակառակորդից՝ Ռուսաստանից պաշտպանական համակարգերի ձեռքբերումը, ոչ թե կամրապնդեր Անկարայի բանակցային դիրքերը Վաշինգտոնի հետ, այլ ընդհակառակը։ ԱՄՆ-ի պաշտոնական շրջանակներում կկարծրանար տեսակետը, որ թուրքական իշխանությունները, իրոք, վստահելի չէին, և պատրաստվում էին քաղաքական վեկտոր փոխել։

 

 

Մեկ այլ կարծիք է հայտնել, Քադիր Հաս համալսարանի փորձագետ Օնուր Իշչին։ Ըստ փորձագետի՝ Էրդողանի կառավարությունը վերջապես հասկացավ, որ С-400-ների գնումը ծախսատար և չարդարացված քայլ էր։ Այս տեսակետը ևս հիմնավոր փաստարկված չէ։ Դժվար է պատկերացնել, որ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, ունենալով հասանելիություն արևմտյան տեխնոլոգիաներին, կլիներ այդքան անհեռատես, և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացման գնով, կդիմեր նման ռիսկային քայլի։

 

 

Այս, և մի շարք այլ տեսաբաններ կարծում են, որ Թուրքիայի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ սկսեցին կարգավորվել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը Անկարայի համաձայնությունից հետո։ Եվ, այս ամենի ֆոնին, տեսաբանները պնդում են, որ ԱՄՆ-ն կարող էր փորձել Թուրքիային կրկին ներառել F35-երի մատակարարման ծրագրում։ Այս տեսակետն իրավունք ունի գոյություն ունենալ, եթե, իհարկե, չուսումնասիրենք իրադարձությունների զարգացման ժամանակագրությունը։ Շվեդիայի մասով, Վաշինգտոնը արդեն պայմանավորվել էր Անկարային մատակարարել մոդիֆիկացված F 16 կործանիչներ, ուստի անհրաժեշտություն չկար F- 35-երի հետ կապված գնալ հավելյալ զիջումների։ Միակ ադեկվատ բացատրությունը, որ այստեղ կարող էր լինել,  այն է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև С-400 մասով եղել է նախնական գաղտնի պայմանավորվածություն։ Պետք չէ մոռանալ, որ Ռուսաստանը ամեն պատեհ առիթ օգտագործում էր, որպեսզի գովազդի իր նորագույն С-400 համակարգերը։ Չի բացառվում, որ Արևմուտքին, և, մասնավորապես, ԱՄՆ-ին, հետաքրքրել էին այդ համակարգի հնարավորությունները։ Այդ իսկ պատճառով, ԱՄՆ-ն Թուրքիայի հետ գործարկել էր քաղաքական խաղ, որի համաձայն, Թուրքիան, իբր ունենալով խորքային անհամաձայություններ ԱՄՆ-ի հետ, փորձելու է ինքնուրույն քաղաքականություն վարել, և դրա հիմքն էլ պետք է հանդիսանար Ռուսաստանից С-400-ների գնումը։ Անկարան Մոսկվայից գնեց С-400-ների չորս մարտկոց։ Սա լայն հնարավորություն էր ԱՄՆ-ի համար, ուսումնասիրել С-400 համակարգերը և հասկանալ, թե ինչի է ընդունակ մի քանի մարտկոցը։ Որն էլ պատկերացում կտար ռուսական ընդհանուր պաշտպանունակության մասին։ Ընդգծենք, որ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ միասին ունի օդուժի գերակայություն Ռուսաստանի նկատմամբ։ Global Firepower-ի տվյալներով 22000 միավորն ընդդեմ՝ ռուսական 4206-ի։ Բայց տարբեր վերլուծական աղբյուրների պնդմամբ՝ ռուսական հակաօդային համակարգերն ավելի բազմազան են, և այստեղ է, որ ռուսական կողմը ՆԱՏՕ-ի հետ պահում է հավասարակաշռություն։ С-400 ներն էլ ունեն գերակա նշանակություն ռուսական օդային պաշտպանական համակարգում, և այս պարագայում լիովին օրինաչափ է, որ ԱՄՆ-ն կունենար հետաքրքրություններ С-400 ների հետ կապված։

 

 

Նուլանդը Ստամբուլ կատարած այցի ժամանակ հայտարարել է նաև, որ Վաշինգտոնի առաջարկի ընդունման դեպքում, Թուրքիան պետք է ռուսական համակարգերը փոխանցի երրորդ երկրներին։ Տարբեր աղբյուրներ նշում են, որ այդպիսի հավանական երկրներ են Ադրբեջանը, Քաթարը, Լիբիան կամ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների բարելավումից կախված այլ երկրներ։ Եվ չի բացառվում, որ «ԱՄՆ-ի հետ հարաբերություների բարելավումից կախված այլ երկիր» ասելով, ի նկատի ունեն Ուկրաինան, ինչն իսկական դիվանագիական սկանդալի պատճառ կարող է դառնալ։ Ընդհանարապես, զենքը երրորդ երկրին հանձնելու հանգամանքը միջազգային պայմանագրի խախտում է։ Բայց հիմա, ըստ էության՝ ամերիկացիները կորցրել են հետաքրքրությունը С-400 ների հանդեպ, և Թուրքիան, Վաշինգտոնի հովանու ներքո, պատրաստ է գնալ այդ քայլին։ Ի վերջո, բազմաթիվ են դեպքերը, երբ կողմերից մեկը, ելնելով իր քաղաքական շահերից, գնացել է միջազգային պայմանագրերով և նորմերով ստանձնած իր պարտավորություննների խարտմանը։ Դե, իսկ Թուրքիան էլ այս առումով, կարծես թե, հարուստ կենսափորձ ունի։

 

Աշոտ Բարեքյան