ԵՄ առաքելությունը Հայաստանում զբաղված է հակառուսական քարոզչությամբ․ Գալուզին
ԵՄ առաքելությունն ավելի ու ավելի շատ բացահայտ սադրիչ գործողություններ է իրականացնում Հայաստանի հարևանների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ։ Այս մասին News.ru պորտալին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Առաքելությունը հանդիսանում է ԵՄ հիբրիդային պատերազմի գործիք,այս փաստը հաստատում է դրա գաղտնիությունը և անվերահսկելիությունը ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի, կամ այլ շահագրգիռ երկրների և կառույցների կողմից»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը։
Նա հավելել է, որ ԵՄ-ն զբաղվում է հակառուսական քարոզչությամբ՝ հայ հասարակության մեջ սերմանելով Եվրամիության մասին կեղծ պատկերացումներ, և ԵՄ անդամների գործունեությունը գնալով ստանում է հակաադրբեջանական և հակաիրանական բնույթ։
Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման օգտին։ «Հենց դա է անում 2021 թվականին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների որոշմամբ ստեղծված եռակողմ աշխատանքային խումբը՝ երեք երկրի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ»,- ասել է նա։ Գալուզինը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ արևմտյան երկրների ճնշման ներքո Երևանը որոշել է սառեցնել եռակողմ այս գործակցությունը։
«Մոսկվան անհրաժեշտ է համարում հնարավորինս շուտ վերսկսել խմբի լիարժեք աշխատանքը՝ ոչ միայն Հարավային Կովկասի տրանսպորտային և կապի համակարգը ապաշրջափակելու, այլև տարածաշրջանում կայուն խաղաղություն և բարգավաճում հաստատելու համար»,- հայտարարել է պաշտոնյան: