
Եկեղեցու մասին կառավարության «զեկույցը» հակասահմանադրական է, հակականոնական և անօրինական․ Մայր Աթոռ
ՀՀ Կառավարության կողմից հրապարակված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասին, այսպես կոչված, զեկույցն իր բովանդակության և ձևի մեջ հակասահմանադրական է, հակականոնական և անօրինական․ հայտնում են Մայր Աթոռից։
«Պետական միջոցների մսխմամբ՝ սոցցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված մեղադրանքների ու հերյուրանքների հիման վրա շարադրված «զեկույցը» դրսևորումն է քաղաքական հաշվեհարդարի, քինախնդրության և Եկեղեցու ներքին կյանքին դատապարտելի միջամտության։
Տեղին ենք համարում վերստին արձանագրել 2026թ․ փետրվարի 17-19-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում գումարված Եպիսկոպոսաց հավաքի որդեգրած դիրքորոշումը, որով հարկ է, որ ՀՀ իշխանությունը՝
- դադարեցնի Եկեղեցու հանդեպ հալածանքները և հարգեն Եկեղեցու դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը՝ Եկեղեցի-պետություն հարաբերությունները խարսխելով փոխադարձ հարգանքի, իրավասությունների հստակ տարանջատման և ազգային շահի առաջնահերթության վրա,
- վերջ դնի շինծու մեղադրանքներով ու զրպարտություններով եկեղեցականների ու ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ բռնաճնշումներին,
- գործի բացառաբար ՀՀ Սահմանադրությամբ, օրենսդրությամբ և միջազգային օրենքներով և հավատարիմ մնան հռչակված ժողովրդավարական սկզբունքներին՝ երաշխավորելով երկրում խղճի, կրոնի և դավանանքի ազատությունը, պառակտման փոխարեն ապահովելով հասարակական համերաշխություն,
- առկա խնդիրներն ու հակառակությունները փարատի երկխոսության ոգով, առանց նախապայմանների՝ զերծ մնալով անհեռանկար վերջնագրային խոսույթից։
Ակնհայտ է, որ հենց ՀՀ իշխանությունը ջանք է գործադրում արհեստական ճգնաժամ առաջ բերել եկեղեցական կյանքում։ Անընդունելի է քաղաքական կամայական մոտեցումներով, մեքենայություններով ու պարտադրանքներով թելադրված բարենորոգման որևէ շարժում։ Հայոց
Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման և բարեկարգության գործընթացներն իրականացվում են միմիայն եկեղեցական կանոնական բարձրագույն մարմինների որոշումներով։
Եկեղեցու տկարացման, եկեղեցականության հեղինակազրկման որդեգրված սույն դատապարտելի քաղաքականությունը երբեք չի կարող ծառայել հայրենիքի և աշխարհասփյուռ մեր ժողովրդի բարիքին, միասնականության ամրապնդմանը, առավել ևս արտաքին անվտանգային սպառնալիքների հանդիման՝ առկա փորձությունների դիմագրավմանը»,- ասված է հայտարարությունում։


