
Նրանք, ովքեր փորձել են տապալել Ֆրանսիան, պատասխան կտան դրա համար․ Մակրոն
Ինչպե՞ս կարող են ֆրանսիացիները նման բան անել Ֆրանսիայի հետ․ ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ անդրադառնալով Ֆրանսիան «պատած» բողոքի ակցիաներին ու դրանց ժամանակ տեղի ունեցած անկարգություններին ու ավերածություններին․ գրում է ru.euronews.com-ը։
«Ցանկանում եմ ձևակերպել հստակ. ջարդարարների և բոլոր նրանց նկատմամբ, ովքեր դիմում են բռնության, մենք լինելու ենք անզիջում»,- հայտարարել է նա՝ հավելելով․ «Լսելու և երկխոսություն վարելու պատրաստակամությունը ո՛չ թուլություն է, ո՛չ էլ անպատժելիություն»։
Պետության ղեկավարը նաև հայտարարել է, որ վարչապետն «առաջիկա օրերին» հանդիպում կունենա քաղաքական կուսակցությունների, արհմիությունների, ինչպես նաև լիցեյների սաների և ուսանողների ներկայացուցիչների հետ՝ «կոնկրետ առաջարկներ» մշակելու համար։
Այնուհետև նա կոչ է արել «բոլոր քաղաքական կուսակցություններին, մասնագիտական կազմակերպություններին և արհմիություններին՝ դատապարտել ցանկացած բռնություն և հանդարտության կոչ անել»։
«Յուրաքանչյուրը պետք է պատասխանատվություն ստանձնի։ Երկրին պետք է կարգուկանոն և խաղաղեցում, այլ ոչ թե էսկալացիա»,- ընդգծել է Էմանուել Մակրոնը։
Այս ելույթը հնչել է ընդդիմության, հատկապես՝ ձախակենտրոն և ձախ ուժերի կողմից կառավարության հասցեին հնչող մեղադրանքների ֆոնին, որոնք քննադատում են հոկտեմբերի 17-ի բողոքի ակցիաների ժամանակ հասարակական կարգի պահպանման համար ընտրված ռազմավարությունը։


