Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի 7 քաղաքացու նկատմամբ
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբ․ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրանք մեղադրվում են իշխանությունը բռնությամբ զավթելու հրապարակային կոչերի, կրոնական թշնամանք հրահրելու համար։
Բաքվի Բինագադիի շրջանային դատարանի որոշմամբ՝ հետախուզման մեջ գտնվող բոլոր յոթ անձանց նկատմամբ հեռակա կարգով որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Մեղադրյալների թվում են թուրք հանրային և լրատվական դաշտի ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Haksöz» ամսագրի հեղինակ Ռըդվան Կայան, «Köklü Değişim»-ի հեղինակ Զեքերիա Ջերանը (հայտնի է որպես Աբդուլլահ Իմամօղլու), «Analiz Merkezi» կայքի հիմնադիր Ֆաթիհ Թեզջանը, ինչպես նաև իրավաբան Ահմեդ Շանլըն, հետազոտողներ Ֆահրեթթին Թաշքայա Սարալը, Աբդուրրահման Թումերը և Ալփարսլան Թանրըքուլուն։
Ադրբեջանի իրավապահ մարմինները նշում են, որ հարուցված քրեական գործի շրջանակներում գործակցում են Թուրքիայի իրավասու մարմինների հետ։


