07 Հոտ
2024
27° c ԵՐԵՎԱՆ
21.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մետրոյի կայարաններում ոչ մի աշխատակից չի կրճատվելու․ Տաթևիկ Խաչատրյան 

Մետրոյի կայարաններում ոչ մի աշխատակից չի կրճատվելու․ Տաթևիկ Խաչատրյան 

Մետրոյի կայարաններում ժետոն վաճառող աշխատակիցները շարունակելու են աշխատել, պարզապես ժետոնի փոխարեն վաճառելու են QR կոդեր։ ABC media-ի հետ զրույցում ասել է «Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն»-ի մամուլի քարտուղար Տաթևիկ Խաչատրյանը։

«Դրամարկղում աշխատողները շարունակելու են իրենց աշխատանքը։ Ուղղակի նրանք ոչ թե ժետոն են վաճառելու, այլ QR կոդեր։ Աշխատողների համար համակարգչային ծրագրեր են գրվելու, որով էլ աշխատելու են նրանք»,- ասել է Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ հունվարից ժետոնները իսպառ վերանալու են, և քաղաքացիները մետրոյից օգտվելու են բացառապես QR կոդով։ Ժետոնով անցարգելների փոխարինելու են վալիդատորներ։ Քաղաքացիները QR կոդ կարող են ստանալ 3 եղանակով․

«Քաղաքացիները հեռախոսում «Telcell Wallet» հավելվածի միջոցով կարող են նախօրոք QR կոդ գնել, կարող են այն ձեռք բերել տեղում գործող տերմինալներից ու հունվարից արդեն ժետոն վաճառողներից։ Տեղում նաև բացատրական աշխատանքներ են տարվում մետրոյից օգտվողների հետ, որպեսզի հունվարից ժետոնի իսպառ բացակայությունը խուճապի պատճառ չդառնա»,- ասել է Տաթևիկ Խաչատրյանը։

Մամուլի քարտուղարի խոսքով՝ հուլիսի 1-14-ը ներառյալ մետրոյից օգտվել են 916․420 անգամ, որից միայն 64․408-ը՝ «Telcell Wallet»-ով։