24 Դեկ
2024
-0.7° c ԵՐԵՎԱՆ
0.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանի նպատակները համընկնում են Անկարայի հետ. Էրդողան-Փաշինյան հանդիպման արդյունքները

Փաշինյանի նպատակները համընկնում են Անկարայի հետ. Էրդողան-Փաշինյան հանդիպման արդյունքները

Նյու Յորքում՝ «Թուրքական տանը» Փաշինյանի հետ հանդիպումից հետո Էրդողանը հայտարարել է, թե Հայաստանի վարչապետը ակնկալում է, որ Թուրքիան նպաստի խաղաղությանը։ Ըստ Էրդողանի՝ սա այն է, ինչ իրենք ուզում են, և Անկարան հույս ունի լուծել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդիրները։ Երկու կողմերի միջև խաղաղությունը, Էրդողանի խոսքով, կնպաստի նաև Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը։

Հիշեցնենք, որ վերջին անգամ Էրդողանի-Փաշինյան հանդիպում տեղի էր ունեցել 2022թ. հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում։ Թե՛ նախկին հանդիպումների ժամանակ, թե՛ հիմա իշխող ՔՊ-ական ուժի տարբեր տրամաչափի ներկայացուցիչներ «լեգենդներ» են տարածում այն մասին, որ վարչապետի աթոռը զբաղեցնողի կողմից Անկարայի հետ երկխոսություն սկսելու նախաձեռնողականությունը կարևոր և պետականամետ քայլ է։

Ամենատարածված և պարզունակ «լեգենդներից» մեկը այն է, որ իշխող ուժը՝ ի դեմս իր ղեկավարի, ձգտում է առանց նախապայմանի կարգավորել հարաբերությունները, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ նրա մեծ եղբոր՝ Թուրքիայի հետ, որպեսզի միասին սկիզբ դնեն տարածաշրջանում, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջաններին և խաչմերուկների», բացեն կոմունիկացիաները, զարգացնեն տնտեսությունը և նմանատիպ այլ հեքիաթներ։ Սակայն, ինչպես արդեն տեսել ենք, չկա աշխարհում մի երկրորդ կառավարություն, որը կվարեր այնպիսի վախվորած, զիջողական քաղաքականություն, ինչպես անում է Հայաստանի ղեկավարությունը։ Իշխող ուժը ոչ միայն ցանկություն չունի Ադրբեջանից հետ պահանջելու 200 քառ. կմ. տարածքը, որը զավթվել էր վերջինիս կողմից, դեռ մի բան էլ դելիմիտացիայի և դեմարկացիայի անվան տակ նոր տարածքներ են հանձնում ոչ բարեկամ երկրին։ Կիրանցում տեղի ունեցած սահմանազատման պրոցեսները սրա վառ օրինական էին։ Դեռ ավելին, Անկարան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունների կողմից այս զիջողական քաղքականությունը կրի շարունակական բնույթ։ Ինչպես ինքը՝ Էրդողանն է Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից հետո հայտարարել, միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը կնպաստի, որպեսզի Հայաստանի հարաբերությունները կարգավորվեն Թուրքիայի հետ։ Այս հայտարարության մեջ արդեն երևում են թուրքական կողմի նախապայմանները։ Անկարան, բացահայտորեն, իր և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը չի դիտարկում որպես անկախ երկողմանի գործընթաց, այլ պայմանավորում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմամբ։ Հետևաբար, եթե փորձենք պարզ լեզվով բացատրել Էրդողանի հայտարությունը, ապա կստացվի, որ մինչ Հայաստանն Ադրբեջանի հետ չկնքի խաղաղության պայմանագիր՝ Ադրբեջանի պայմաններով, չեն կարգավորվի նաև Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները։ Այս պարագայում ասել, որ պարզապես ուզում են հարևանների հետ կարգավորել հարաբերությունները առանց որևէ նախապայմանի, որը կոտնահարի Հայաստանի պետական և ազգային շահերը, պարզապես սուտ է։ Եվ, սա բնական է, քանի որ նախկինում Հյասատանի բոլոր ղեկավարների փորձերը առանց նախապայմանների կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ տապալվել են։ Անկարան դեռ այն ժամանակ էր առաջ քաշում նախապայմաններ, երբ Հայաստանը հանդես էր գալիս հաղթողի դիրքերից։ Իսկ հիմա, ասել, որ պարտված Նիկոլը առանց նախապայմանների է հարաբերությունները կարգավորում Անակարայի հետ, լրիվ անհեթեթություն է։ Տարածված հաջորդ «լեգենդներից» մեկն էլ այն է, որ իշխող ուժը ի դեմս իր առաջնորդի, նոր արտաքին քաղաքականության ռազմավարություն է մշակել։ Ըստ այդ «լեգենդի»՝ Հայաստանի ներկայիս իշախանությունները փորձում են կիրառել այսպես կոչված «թուրքական» խաղաքարտը։ Ի՞նչ է սա իրենից ենթադրում։ Տարբեր իշխանամետ վերլուծաբաններ կարծիք են տարածում, թե Բաքվի և Մոսկվայի մեջ աստիճանաբար ավելի շատ են համընկնում ընդհանուր շահերը և խորանում երկկողմ հարարբերությունները, ինչին բնականաբար խանդով մոտենում է Թուրքիան։ Ըստ այս վերլուծաաբանների՝ Բաքուն ձգտում է Մոսկվայի հետ հարաբերությունները օգտագործել նաև Անկարայից իր կախումը թուլացնելու և հավասարակշռություն ապահովելու համար։ Եվ, հենց այս պատճառով էլ իշխող ուժը, իբր, պետք է ձգտի կարգավորել հարաբերություններն Անկարայի հետ, որպեսզի օգտագործի թուրքական գործոնը՝ ի հակակշիռ աճող ռուս-ադրբեջանական բարեկամության։ Ասվածն առաջին հայացքից լուրջ և բազմաքայլ քաղաքականության տպավորություն կարող է թողնել։ Սակայն, իրավիճակի թեթևակի վերլուծությունն անգամ ցույց է տալիս, որ սա ընդամենը ֆանտաստիկ հիմարություն է և չի կարող իրականության հետ ոչ մի աղերս ունենալ։ Այս վերլուծաբանները պարզապես փլավ են կախում հասարակ քաղաքացիների ականջներին։ Ըստ նրանց՝ ստացվում է, որ իր խորամանկ և փորձառու դիվանագիտությամբ հայտնի Թուրքիան պետք է իրեն պահի «խանդոտ ամուսնու» պես, իսկ Հայաստանն էլ, օգտագործելով այս խաղաքարտը, ստանա Թուրքիայից աջակցություն։ Ամենայն հավանականությամբ՝ պրոիշխանական վերլուծաբանները իրենց քաղաքական մեկնաբանությունները կառուցում են ինչ-որ Բրազիլական սերիալի սցենարի մոտիվներով, որտեղ, խանդով լցված և խոցված ինքնասիրությամբ Թուրքիան կօգնի Հայաստանին իր «նախկինից»՝ Ադրբեջանից վրեժ լուծելու համար։ Մի կողմ թողնելով սարկազմը՝ պետք է ասենք, որ Ադրբեջանն արդեն այնքան խորքային հարաբերություններ է կառուցել Թուրքիայի հետ, որ դա հնարավոր չ՝ հավասարակշռել ոչ մի այլ պետության գործոնը օգտագործելով։ Հենց միայն այն փաստը, որ Ադրբեջանի նավթը և գազը միայն Թուրքիայիով են անցնում Եվրոպա և չկան այլընտրանքային ուղիներ, արդեն բավական են։ Բացի սրանից, Թուրքիայով են անցնում Տրանսկասպյան կոմունիկացիոն ուղիները, որոնք ևս Ադրբեջանը Եվրոպային կապելու հարցում անփոխարինելի են։ Այս երկու փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանի տեսանկյունից գոյություն չունի մեկ այլ երկիր, որ կարող է Թուրքիային հավասար նշանակություն ունենալ։ Դեռ ավելին՝ տեղի ունեցող քաղաքական գործընթացները և Ադրբեջան-Թուրքիա համատեղ զորավարժությունների ինտենսիվության մեծացումը ցույց է տալիս, որ այս երկրների միջև հարաբերությունները գնալով ավելի են խորանալու, և դրանք պայմանավորված չեն երրորդ երկրի գործոնով։ Այսպիսով, բացառվում է, որ Հայաստանը հնարավորություն ունենա օգտագործել ինչ-որ «թուրքական» խաղաքարտ, այն էլ՝ ներկայիս անընդունակ իշխանությունների պարագայում։ Սրանք, պարզապես հերթական ստերն են՝ հորինված հայ հասարակությանը շեղելու նպատակով։

Այտեղ օրինաչափ հարց կարող է առաջանալ, թե ի՞նչ նպատակով է Փաշինյանը փորձում հարաբերություններ կառուցել Թուրքիայի հետ։ Մի՞թե, նա ձգտում է, թեկուզ զիջումների գնով կանխել թուրքական վտանգը, որ կախված է Հայաստանի գլխին։ Այս դեպքում, պատասխանը միանշանակ «ոչ» է։ Բանն այն է, որ որ եթե Թուրքիայի պես պետությունը ունի ռազմավարական գերխնդիր, ապա զիջողականությամբ և սիրաշահելով չես կարող շեղել նրան։ Մեկ է, հայկական պետականությունը շարունակելու է նրա համար լինել խանգարող հանգամանք։ Այստեղ միակ գործոնը, որ կարող է բացահայտել Փաշինյանի վարքագիծը, հենց Փաշինյանի անձանական շահն է։ Գաղտնիք չէ, որ վարչապետի աթոռը զբաղեցնողը երկրի ներսում ունի իշխանություն պահելու խնդիր։ Այս խնդիրը նա փորձում է լուծել դրսից երաշխիքներ ստանալու միջոցով։ Այս պահին գործող իշխանությունները երաշխիքներ ստանալու հիմնական հույսերը կապում են Արևմուտքի հետ։ Չի բացառվում, որ հետագայում իշխող ուժը վեկտորը փոխի դեպի Ռուսաստան, և դրանով է բացատրվում այն հանգամանքը, որ Հայաստանը վերջնականապես դուրս չի եկել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից։ Սա արվում է ռուսների մոտ ոտքի տեղ պահպանելու համար։ Հիմա հիմնական խաղադրույքը դրված է Արևմուտքի վրա։ Այդ պատճառով էլ Նիկոլը շարժվում է Արևմուտքի գծած ճանապարհով։ Ժամանակին, Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից տարբեր տրամաչափի պաշտոնյաներ, այցելելով Հայաստան, իրենց հետ ուղերձներ էին բերում, ըստ որոնց, Անկարան է տարածաշրջանում Արևմուտքի դաշնակիցը և համակարգողը։ Եվ, Հայաստանը միայն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման դեպքում կարող է սերտացնել հարաբերությունները Արևմուտքի հետ։ Նիկոլն էլ, հետևելով արևմտյան ուղենիշներին, իշխանությունը պահպանելու երաշխիքներ ստանալու նպատակով, ցուցադրաբար, հեզորեն ժպտում է Էրդողանին՝ բարձր պահելով նրա գիրքը։

Այսպիսով՝ ներկայիս վարչապետի աթոռը զբաղեցնողը իր վարքագծով փորձում է Արևմուտքին ցույց տալ, որ ինքը հավատարիմ է վերջինիս սահմանած ուղենիշներին, թքած ունենալով այն հանգամանքի վրա, թե այդ ուղենիշները ինչ ազդեցություն կունենան հայկական պետական շահի համար։ Իսկ, մինչ այդ մեր տարածաշրջանում ավելի է լարվում աշխարհաքաղաքական իրադրությունը։ Եվ, նմանատիպ իշխանություններով, մեր պետականության չգոյությունը ստանում է էլ ավելի հստակ ուրվագծեր։

Աշոտ Բարեքյան