Հայի սեղանից հացը չպիտի պակասի. գաղափարի վրա հիմնված «Հացեկաց» բրենդը մտնում է շուկա
Փետրվարի 13-ին՝ Տեառնընդառաջի տոնին, Երևանի 3-րդ մասի թաղամասերից մեկում անցնող-դարձողներին նոր թխված տաք հաց էին հյուրասիրում. Արտաշիսյան 58 հասցեում բացվեց «Հացեկաց» արտադրամասը, որտեղ այսուհետև արցախյան թոնրի հաց՝ թուռնավ հաց է թխվելու:
Genesis Armenia-ի աջակցությամբ կառուցված արտադրամասն աշխատանքով կապահովի նվազագույնը 6 արցախցու:
Արտադրամասի տնօրենը սեպտեմբերյան դեպքերի ժամանակ Արցախում երրորդ անգամ հայրացած Լևոն Սարգսյանն է։ Ասում է՝ հանուն իր երեք որդիների՝ պետք է աշխատի և արցախյան ավանդույթները փոխանցի սերունդներին։
«Թուռնավ հացը ոչ միայն բարձրորակ է, այլև երկարակյաց. նույնիսկ 7 օր անց թեթև տաքացնելով՝ արագ վերականգնում է իր համային և հոտային նախնական վիճակը։ Դա թույլ է տալիս հացն օգտագործել առավելագույն ժամկետով, ինչը կարող է նվազեցնել ռիսկերը հատկապես հանրային սննդի կազմակերպիչների համար»,- ասում է Սարգսյանը:
Թուռնավ հացից բացի, «Հացեկաց»-ում արցախցի կանայք նաև ժենգյալով հաց, թոնրի գաթա ու փախլավա են թխելու:
Genesis Armenia-ի տնօրեն Աբրահամ Գասպարյանի խոսքով՝ նման նախագծեր իրականացնելով՝ հիմնադրամը նպատակ ունի ոչ միայն թև ու թիկունք կանգնել արցախցի մեր հայրենակիցներին, այլև նպաստել արցախյան՝ այդ թվում կենցաղավարման ավանդույթների պահպանությանը։
««Հացեկաց»-ը պետք է դարձնենք շուկայում ասելիք ունեցող բրենդ, որի հիմքում կա գաղափար՝ «հացը հայի սեղանից չպիտի պակասի»։ Մենք օր ու գիշեր աշխատելու ենք, որպեսզի հացն ու հայի զենքը՝ գիրը, գիրքն ու շատ ավելին, չպակասի մեր երկրում»- ասում է Գասպարյանը՝ մանրամասնելով, որ արտադրամասը Մաշտոցի ծննդավայր Տարոն գավառի Հացեկաց գյուղի անունն է կրում։
Արցախյան տոհմիկ բաղադրատոմսով արտադրվող «Հացեկաց»-ն արդեն մշտական պատվիրատու ունի. երևանյան գործարաններից մեկի ճաշարանում այսուհետև սեղանին միշտ թուռնավ հաց է լինելու։