Արցախից բռնի տեղահանվածների բնակարաններով ապահովումը կիրականացվի մի քանի տարբերակով. Գնել Սանոսյան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը չի բացառում, որ Արցախից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովումը կիրականացվի միանգամից մի քանի տարբերակով։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ ներկայում Տարածքային կառավարման նախարարության, տարբեր գերատեսչությունների ու մարզպետարանների ընդգրկմամբ քննարկումներ են ընթանում Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրի շուրջ, որը դեռևս վերջնական տեսքի չի բերվել։
«Բավականին մեծ ու կարևոր ծրագիր է և բավարար քննարկումներ են պետք, որպեսզի իսկապես լավ ծրագիր լինի և մի կողմից կարողանանք իրականացնել, մյուս կողմից իսկապես տա այն արդյունքները կամ լուծի այն սոցիալական խնդիրները, որոնք մեր առջև ծառացած են»,-ասել է նախարարը։
Անդրադառնալով բնակապահովման տարբերակների հարցին՝ գերատեսչության ղեկավարը մանրամասնել է, որ քննարկվել են մի քանի տարբերակներ։
«Ընդ որում՝ չի բացառվում, որ մենք մեկ ուղղությամբ չենք գնա։ Տարբեր ուղղություններով կգնանք. դրանք կլինեն և առկա բնակարանների հետ կապված, և նորերի կառուցման, և վաուչերային որոշակի համակարգի։ Այսինքն՝ տարբեր մոդելներ ու մեթոդներ են քննարկվում։ Չի բացառվում, որ դրանք միաժամանակ կիրառվեն»,-պարզաբանել է Սանոսյանը։