26 Դեկ
2024
3.5° c ԵՐԵՎԱՆ
3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրոպան պատրաստվում է Ադրբեջանի հետ գազի մատակարարման նոր համաձայնագիր կնքել․ Bloomberg

Եվրոպան պատրաստվում է Ադրբեջանի հետ գազի մատակարարման նոր համաձայնագիր կնքել․ Bloomberg

Եվրոպացի գնորդները կարող են շուտով առևտրային համաձայնագիր կնքել Ադրբեջանի հետ՝ բնական գազի հոսքը դեպի մայրցամաք պահպանելու համար այն բանից հետո, երբ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարանցիկ գործարքի ժամկետը կլրանա տարեվերջին:

Ըստ Bloomberg-ի աղբյուրների՝ Հունգարիայի և Սլովակիայի ընկերությունները կարող են Ադրբեջանից տարեկան 12-14 միլիարդ խորանարդ մետր գազի պայմանագիր կնքել:

Կօգտագործվի նույն խողովակաշարային ցանցը, որն այժմ ռուսական գազը Ուկրաինայով տեղափոխում է Եվրամիություն:

Մատակարարումները գործնականում կփոխարինեն առաքումները, որոնք այժմ Եվրոպան ստանում է տարանցման համաձայնագրի շրջանակներում: Պայմանագիրը պետք է ներառի, այսպես կոչված, սվոպ համաձայնագիր Ադրբեջանի և Ռուսաստանի միջև, քանի որ Ադրբեջանը չունի բավարար արտահանման հնարավորություններ՝ փոխարինելու առկա մատակարարումները:

Գործարքը, որը դեռ պետք է վերջնական տեսքի բերվի, կարող է օգնել պահպանել գները շուկայում վերջին անկայունությունից հետո: Այնուամենայնիվ, Եվրահանձնաժողովն ավելի վաղ հայտարարել էր, որ տարանցման գործարքի ավարտից հետո տարածաշրջանի էներգետիկ անվտանգությունը վտանգի տակ չի լինի: Սլովակիան և Ավստրիան եվրոպական երկրներից են, որոնք շարունակում են ռուսական մատակարարումները ներկրել խողովակաշարով։

Առևտրային համաձայնագրի համաձայն՝ ադրբեջանական Socar պետական էներգետիկ ընկերությունը գազը կհասցնի ռուս-ուկրաինական սահմանին գտնվող Սուջա: Հունգարիայի MVM Zrt. և Սլովակիայի Slovensky Plynarensky Priemysel AS-ն այնուհետև այն կհասցնեն Եվրոպա: Ցանկացած առևտրային համաձայնագիր Ուկրաինայի իշխանությունների կողմից քաղաքական աջակցության կարիք կունենա:

Ուկրաինայի պետական «Նավթոգազ» էներգետիկ ընկերությունն անմիջապես չի մեկնաբանել այս տեղեկությունը, իսկ Ուկրաինայի գազահաղորդման համակարգի օպերատորը հրաժարվել է մեկնաբանություններից: Socar-ը, SPP-ը, MVM-ն ևս չեն պատասխանել հարցմանը: Ավստրիական OMV AG-ն նշել է, որ դիվերսիֆիկացրել է մատակարարման պայմանագրերը և կարող է շարունակել վառելիքի մատակարարումն իր հաճախորդներին, նույնիսկ եթե Ռուսաստանից գազի մատակարարումները դադարեցվեն: Ռուսական «Գազպրոմ» ՓԲԸ-ն հրաժարվել է մեկնաբանություններից։

Պատերազմից առաջ «Գազպրոմը» Եվրոպային մատակարարում էր իր գազի ավելի քան մեկ երրորդը, սակայն այդ ժամանակվանից տարածաշրջանը սկսել է դիվերսիֆիկացնել մատակարարումները: ԵՄ-ն այժմ ավելի շատ հենվում է այլ աղբյուրների վրա, ներառյալ Նորվեգիան, Հյուսիսային Աֆրիկան, Ադրբեջանը:

Գործարքի կնքնումը կնշանակի, որ Ուկրաինան կշարունակի ստանալ տարանցման վճարներ՝ օգտագործելու իր խողովակաշարերի ցանցը, որը վերջին տարիներին երկրին տարեկան մոտ 800 միլիոն դոլար է բերել: Ադրբեջանի համար համաձայնագիրը ամրացնում է էներգետիկ կապերը Եվրոպայի հետ։ Կասպից ծովի երկիրն արդեն գազ է մատակարարում մայրցամաքի ութ երկրներին Թուրքիայի տարածքով անցնող խողովակաշարով: