27 Դեկ
2024
-0.1° c ԵՐԵՎԱՆ
1.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միջազգային կազմակերպությունները կոչ են արել միջազգային հանրությանը ճնշում գործադրել Ադրբեջանի վրա

Միջազգային կազմակերպությունները կոչ են արել միջազգային հանրությանը ճնշում գործադրել Ադրբեջանի վրա

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը միջազգային հանրությանը կոչ է արել ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա՝ լրագրողներին ազատ արձակելու և մարդու իրավունքների խախտումները դադարեցնելու համար։ «Մուտքի սահմանափակումներ, ֆիզիկական բռնություններ, ձերբակալություններ. Ադրբեջանում՝ նավթագազային պետությունում, որն իր եկամուտի ավելի քան 90%-ը ստանում է ածխաջրածինների արտահանումից, լրագրողները, ովքեր լուսաբանում են այնպիսի զգայուն թեմաներ, ինչպիսին է շրջակա միջավայրը, աշխատում են ականապատ դաշտում։ Վերջին մեկ տարվա ընթացքում իշխանությունները մոտ 15 լրագրողի են ձերբակալել իրենց աշխատանքի համար»,- նշվել է կազմակերպության հայտարարության մեջ:

«Լրագրության, հատկապես բնապահպանական լրագրության, պաշտպանությունը պետք է նախապայման լինի ՄԱԿ-ի կլիմայական համաժողովի անցկացման համար: Ինչպե՞ս կարող եք ընդունել, որ նավթագազային երկիրը, որը բանտ է նետում իր անկախ լրագրողներին, գլոբալ կլիմայի ապագան որոշող իրադարձությունների հյուրընկալողն է»:

Նյու Յորքում տեղակայված Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) ևս  կոչ է արել Բաքվում COP29-ի գագաթնաժողովին մասնակցող պատվիրակություններին ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ճնշումների պատճառով:

«Մամուլի նկատմամբ Ադրբեջանի վերաբերմունքը լիովին անհամատեղելի է մարդու իրավունքների արժեքների հետ, այն էլ ՄԱԿ-ի համաժողովը հյուրընկալող երկրում»,- նշել է CPJ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի համակարգող Գյուլնոզա Սաիդը։