ՄԱԿ–ը կհամագործակցի ՀԱՊԿ–ի հետ. Գլխավոր վեհաժողովը բանաձև է ընդունել
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը 79-րդ նստաշրջանի ընթացքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ համագործակցության մասին բանաձև է ընդունել․ այս մասին հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։
Փաստաթղթում ասվում է, որ ՀԱՊԿ-ը զգալի գործնական ներդրում ունի իր խաղաղապահ ներուժի և տարածաշրջանային անվտանգության ու կայունության համակարգի ամրապնդման, ահաբեկչության և կազմակերպված անդրազգային հանցագործության դեմ պայքարում, թմրամիջոցների և զենքի ապօրինի շրջանառության, անկանոն միգրացիայի և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում, ինչպես նաև բնական և տեխնածին աղետների հետևանքների վերացման գործում: Իսկ դա նպաստում է համաշխարհային կազմակերպության նպատակների ու սկզբունքների իրագործմանը։
«ԳՎ–ն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին առաջարկել է շարունակել կանոնավոր խորհրդակցությունները ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ երկկողմ շփումների և տարբեր ձևաչափերի համաժողովների շրջանակում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՄԱԿ-ը և ՀԱՊԿ-ը կշարունակեն համագործակցել հանուն ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի համաշխարհային ռազմավարության հետևողական և համապարփակ իրականացման: Երկու կազմակերպությունները նաև կուսումնասիրեն խաղաղության պահպանմանն ուղղված համագործակցության հետագա զարգացման հնարավոր ուղիները։