Սիրիայում ամանորյա տոնածառի այրման դեմ բողոքի ցույցեր են սկսվել
Սիրիայում բողոքի ցույցեր են սկսվել Համա քաղաքում տոնածառի այրման պատճառով․ հայտնում է BBC-ն։
Սոցցանցերում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են դիմակավորված զինված անձինք հրկիզում հիմնականում քրիստոնյա բնակչություն ունեցող Սուքայլաբիա քաղաքի հրապարակում գտնվող ամանորյա տոնածառը։
Սիրիայի նոր ղեկավարությունը, որը գլխավորել է նախագահ Բաշար ալ Ասադին տապալած ապստամբությունը, հայտարարել է, որ հրկիզման համար պատասխանատու անձինք օտարերկրյա զինյալներ են, ովքեր ձերբակալվել են՝ հավելելով, որ տոնածառը արագ կվերականգնվի:
Հազարավոր ցուցարարներ ամբողջ երկրում դուրս են եկել փողոցներ՝ պահանջելով նոր իշխանություններից պաշտպանել կրոնական փոքրամասնություններին: