
ԵԱՏՄ-ին հարցեր ունենք, եթե միայնակ որոշում են կայացնում, ուրեմն միությունը ինքնալուծարվում է․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե Եվրասիական տնտեսական միության ԵԱՏՄ անդամ երկրները կարող են առանց ընդհանուր համաձայնության, միակողմանի որոշումներ կայացնել և սահմանափակումներ կիրառել միմյանց նկատմամբ, ապա դա կարող է նշանակել, որ միությունը փաստացի «հայտարարում է ինքնալուծարման մասին»։
Կառավարության նիստում, անդրադառնալով հայկական ապրանքների արտահանման շուրջ ստեղծված խնդիրներին, Փաշինյանը նշել է, որ ԵԱՏՄ շրջանակում այս հարցի շուրջ լուրջ քննարկում սկսելու անհրաժեշտություն կա։
«Մենք պետք է հասկանանք՝ Եվրասիական տնտեսական միության ցանկացած երկիր ցանկացած երկրի հետ կապված կարո՞ղ է այսպիսի որոշումներ կայացնել, թե՞ ոչ։ Եթե այս հարցի պատասխանը այո է, ապա Եվրասիական տնտեսական միությունը հայտարարում է ինքնալուծարման մասին, և մենք պետք է այստեղից հետևություններ անենք», – ասել է նա։
Փաշինյանն ընդգծել է, որ առաջիկայում ԵԱՏՄ հարթակում բարձրացնելու է նաև այն հայտարարության հարցը, որը, իր խոսքով, գործընկերներն ընդունել են իր բացակայությամբ։
Փաշինյանի գնահատմամբ՝ Հայաստանի արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործընթացը ոչ միայն հնարավորություն է տալիս նվազեցնել կախվածությունը մեկ շուկայից, այլև թուլացնում է հայկական արտադրանքի որակի վերաբերյալ հնչող քննադատությունները։
Նանաև նշել է, որ Հայաստանի արտադրողները պետք է մրցունակ լինեն միջազգային շուկաներում՝ շեշտելով, որ հաջողության հիմնական պատասխանատուն հենց բիզնեսն է։
«Եթե նմուշները համապատասխանում են ստանդարտներին, հաջողությունը երաշխավորված է։ Եթե ստանդարտների հետ կապված խնդիր կա, ոչ մի պետական աջակցություն չի կարող փոխարինել դրան», – ասել է նա։


