
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
Մոսկվայում ներկայացվել է Ռուսաստանի, Վրաստանի և Հայաստանի միջև Սև ծովի ափով անցնող երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության նոր նախագիծ՝ «Պուտինի ուղի» աշխատանքային անվանմամբ․ հայտնում է «Վեկտոր Կավկազա» («Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» նախկին նախագիծը) պարբերականը։
Նախաձեռնության մասին ազդարարել են մերձկրեմլյան հետազոտական կառույցները սեպտեմբերի 28-ին՝ «Հարավային Կովկասի տրանսպորտային-լոգիստիկ ցանցերի զարգացման հեռանկարները» միջազգային համաժողովի ժամանակ։ Պլանը մշակել է Ռուսաստանի հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի (НИИРК) տնօրեն Վլադիսլավ Գասումյանովը։
Նշվում է, որ նախագիծն ակտիվորեն լոբբինգ են անում մի շարք հայ փորձագետներ, որոնք այն ներկայացնում են որպես տարածաշրջանի «ապաշրջափակման» գործիք, և կոչ են անում փնտրել «թարմ ոչ քաղաքական լուծումներ»՝ փորձելով ռուսական նախագիծը ներառել ՀՀ կառավարության պաշտոնական «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի մեջ։ Այնուամենայնիվ, անկախ կովկասյան վերլուծաբանները նախագիծը որակում են բացառապես որպես Մոսկվայի կողմից կիրառվող հիբրիդային քաղաքական ճնշման տարր։
««Պուտինի ուղին» չպետք է դիտարկել որպես այլ տրանսպորտային նախաձեռնությունների հետ մրցակցող գաղափար, այլ որպես հնարավորություն՝ այն Հարավային Կովկասի ընդհանուր տրանսպորտային և լոգիստիկ համակարգում ինտեգրելու համար», – Մոսկվայի համաժողովում ելույթ ունենալիս ասել է Երևանի պետական համալսարանի Ռուսական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արամ Սաֆարյանը։


