02 Հոկ
2026
19° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանցի զինվորը մեր տան բակ էլ է մտել․ Շաքիի բնակիչը մանրամասներ է հայտնել

Ադրբեջանցի զինվորը մեր տան բակ էլ է մտել․ Շաքիի բնակիչը մանրամասներ է հայտնել

Սյունիքի մարզի Շաքի գյուղում չեն հավատում, որ բնակավայր մտած ու իրենց համագյուղացիներին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ հասցրած ադրբեջանցին մոլորվել կամ փախել է իրենց դիրքից։ Թեպետ ԱԱԾ-ն սեպտեմբերի 29-ից տեղյակ էր, որ սահմանը խախտելու դեպք է գրանցվել, գյուղացիներին չեն տեղեկացրել։

«Մենք չենք նկատել, որ իրեն տեսնեինք, այդքան հեշտ չէինք տա պետությանը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Շաքի գյուղի բնակիչ Հովիկ Առուստամյանը։

Առուստամյանը պնդեց, որ ադրբեջանցի զինվորը նաև իրենց տան բակում է եղել։ Նա նման եզրահանգման է եկել, քանի որ բակում արյան հետքեր է տեսել։

«Մտել է նկուղ, տեսել է, որ չի կարող թաքնվել, փախել է։ Բակի աղբյուրից ջուր է խմել։ Իր արյան հետքերն ընկույզի ծառի տակ ու դարպասի վրա էին։ Ավելի ուշ ենք իմացել, որ ադրբեջանցին անցել է մեր սահմանը, մտել է հայի օջախ ու վնասել է հայ կնոջը»,-պատմեց նա։

Բնակիչները կարծում են՝ գյուղ մտնողը դիվերսանտ է, ոչ թե դասալիք զինվոր, և  ամեն բան պլանավորված է։

«Խաղաղությանը չենք հավատում, կռիվ միշտ էլ լինելու է, ադրբեջանցիներին էլ ձեռնտու է, որ ներկայացնեն՝ իբր փախել է ադրբեջանցին։ Մենք, եթե տեղեկացված լինեինք, ավելի աչալուրջ կլինեինք»,-ասացին բնակիչները։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԱԾ-ն հայտարարեց ադրբեջանցի զինծառայողի՝  հայ-ադրբեջանական սահմանը հատելու մասին։ Ըստ տեղեկությունների՝ ադրբեջանցի զինվորը սահմանը խախտել է Իշխանասարի հատվածից, հասել է Շաքի գյուղ ու մտել բնակիչներից մեկի տուն, կրակել է բնակչուհու ոտքին։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ