
Իսրայելը կանգ չի առնի այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել բոլոր պատանդների ազատ արձակմանը․ Կաց
Հրեական պետության պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի իր գործողությունն «արմատական ՀԱՄԱՍ շարժման դեմ, քանի դեռ չի հասել արմատականների կողմից պահվող բոլոր պատանդների ազատմանը»։
«Մենք կանգ չենք առնելու այնքան ժամանակ, քանի դեռ մեր պատանդները չեն ազատվել։ Հասնելու ենք նրան, որ ՀԱՄԱՍ-ն այլևս չվերահսկի Գազայի հատվածը և որևէ վտանգ չներկայացնի Իսրայելի և իսրայելցիների համար», – գրել է Իսրայելի պաշտպանության նախարարը X-ում:
Կացը նշել է, որ Իսրայելը «կռվում է ՀԱՄԱՍ-ի դեմ և կհաղթի նրան», սակայն «չի կռվում Գազայի խաղաղ բնակիչների դեմ և անում է այն ամենը, ինչ պահանջվում է միջազգային իրավունքով, որպեսզի նվազագույնի հասցնի խաղաղ բնակչության վնասը»:
«Բայց երբ ՀԱՄԱՍ-ը կռվում է քաղաքացիական հագուստով, քաղաքացիական շենքերից և քաղաքացիական անձանց թիկունքից, դա վտանգի տակ է դնում խաղաղ բնակիչներին, և նրանք սարսափելի գին են վճարում։ Այդ պատճառով մենք Գազայի բնակիչներին կոչ ենք անում տարհանել պատերազմական գոտիները»,- շարունակել է պաշտպանության նախարարը։