
Այս անգամ էլ Թրամփը որոշել է վերանվանել Պարսից ծոցը․ Associated Press
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է ևս մեկ պատմական քայլի. նա մտադիր է հայտարարել Պարսից ծոցի անվանափոխության մասին՝ այն դարձնելով Արաբական ծոց․ Associated Press գործակալությանը հայտնել են կառավարության աղբյուրները։
Ռազմավարական նշանակություն ունեցող ջրամբարի վերանվանման որոշումը կայացվել է տարածաշրջանի արաբական պետությունների, առաջին հերթին՝ Սաուդյան Արաբիայի ճնշման ներքո։ Հենց այս երկիր կատարելիք այցի ժամանակ, որը նախատեսված է մայիսի 13-16-ը, Թրամփը կհայտարարի իր որոշման մասին։
Սա ամերիկացի առաջնորդի կողմից աշխարհագրական անվանումները փոխելու առաջին փորձը չէ։ Հունվարի վերջին նա հրամանագիր է հրապարակել Մեքսիկական ծոցն Ամերիկայի ծոց վերանվանելու մասին։ ՄԱԿ–ում այս առանչությամբ հայտարարել են, որ ոչ մի պետություն իրավունք չունի միակողմանիորեն փոխել միջազգային օբյեկտների անվանումները։
Սաուդյան Արաբիա այցից բացի՝ Թրամփը կայցելի նաև Քաթար և ԱՄԷ: Նա մայիսի 14-ին Էր–Ռիադում կհանդիպի Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների՝ Բահրեյնի, Քաթարի, Քուվեյթի, ԱՄԷ–ի և Օմանի ղեկավարների հետ։