
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության մեջ որևէ մեկի կողմը բռնելը բարդ է․ ՌԴ-ից պատասխանել են Կոստանյանին
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության մեջ որևէ մեկի կողմը բռնելը դժվար է. Lenta.ru–ի հետ զրույցում նշել է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Սվետլանա Ժուրովան։
«Մենք մի երկիր ենք, որը ցանկանում է նորմալ գործընկերային հարաբերություններ ունենալ երկուսի հետ էլ։ Շատ դժվար է կողմ ընտրել։ Ռուսաստանի համար շատ դժվար է դա որոշել։ Հակամարտությունը հակամարտություն է։ Չի պատահում, որ հակամարտության համար մեղավոր լինի միայն մեկ կողմը։ Մենք երկարատև հարաբերություններ ունենք երկուսի հետ էլ։ Մենք մի ժամանակ մեկ երկիր էինք։ Սա դժվարին իրավիճակ է», – հայտարարել է Ժուրովան։
Ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը հայտարարել էր ՀԱՊԿ–ին անդամակցության վերաբերյալ մոտալուտ «վերջնական որոշման» մասին։ Նա նշել է, որ Երևանը չի ակնարկում, այլ ուղղակիորեն ասում է, որ սա երկար չի կարող շարունակվել։ Կոստանյանը հայտարարել է, որ եթե հանրապետության գործընկերները, այդ թվում՝ Ռուսաստանը, քաղաքական հայտարարություններ չանեն Ադրբեջանի կողմի ՀՀ տարածք ներխուժելու վերաբերյալ, ապա Հայաստանը վերջնականապես դուրս կգա ՀԱՊԿ–ից։