
ՀՀ–ն ինքը պետք է վերահսկի իր սահմանները․ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս
Հայաստանն ինքը պետք է վերահսկողություն իրականացնի իր գծված սահմանների նկատմամբ․ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե ինչպես է Իրանը վերաբերվում Սյունիքով «Թրամփի երթուղու» անցնելուն։
«Մենք ներկայացրել ենք մեր դիրքորոշումը, ու այն չի փոխվելու։ Գեոպոլիտիկ սահմանները տարածաշրջանում երբեք չեն փոխվելու։ Ինչքան էլ գեղեցիկ անուններով կամ բառերով անվանեն այս ծրագիրը` չի ստացվի։ Հայաստանը պետք է իր գծված սահմանների վրա հսկողություն ունենա։ Մի փոքր խոչընդոտ անգամ Հայաստանի ինքնիշխանության նկատմամաբ մեզ համար անընդունելի է»,– ասաց նա։
Հյուպատոսը հիշեցրեց, որ Հայաստանն ու Իրանը երկու հնագույն պետություններ են, դրանք գոյություն են ունեցել դեռ այն ժամանակ, երբ որոշ արևելյան երկրներ չկային, ուստի ինչպես դարեր առաջ, այնպես էլ հիմա, Երևանն ու Թեհրանն իրենք են ընդունակ լուծել իրենց հարցերը առանց երրորդ երկրների միջամտության։
«Ուկրաինայի փորձը ցույց է տվել, որ տարածաշրջանի երկրներից դուրս այլ երկրներ երբեք չեն կարող մեր տարածաշրջանում անվտանգություն երաշխավորել։ Այս սկզբունքը հավասարապես գործում է ինչպես Պարսից ծոցի տարածաշրջանում, այնպես էլ Հարավային Կովկասում»,– ասաց նա։
Sputnik Արմենիայի հարցին՝ արդյոք Հայաստանի իշխանությունները իրանցի գործընկերներին տեղեկացրել են «Թրամփի երթուղու» փաստաթղթի մանրամասների մասին, հյուպատոսը դիվանագիտական պատասխան տվեց․
«Գործընկերների հետ խոսակցություններ ու տեղեկատվություն, ինչպես միշտ, փոխանակվում է, բայց մի ասացվածք կա` սատանան մանրուքների մեջ է: Ուրեմն թողնենք, այդ մանրուքներն էլ որ իմանանք, ժամանակի ընթացքում ամեն ինչ պարզ կլինի»,– հավելեց հյուպատոսը։
Վարամինը նշեց նաև, որ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթում բազմաթիվ հարցական նշաններ կան, հորդորեց սպասել առաջիկայում կայանալիք նախագահ Փեզեշքիանի այցին Հայաստան, որից հետո էլ, ըստ նրա, շատ բան պարզ կդառնա։