11 Օգս
2025
28.3° c ԵՐԵՎԱՆ
22.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հարավային Կովկասում սկսվում է մեծ պայքար․ սպառնալիքների քանակը և մասշտաբները զգալիորեն կաճեն․ ռուս փորձագետներ

Հարավային Կովկասում սկսվում է մեծ պայքար․ սպառնալիքների քանակը և մասշտաբները զգալիորեն կաճեն․ ռուս փորձագետներ

Թեհրանը մտահոգված է ամերիկացիների պաշտոնական ներկայությամբ․ համոզված է քաղաքագետ և արևելագետ Ստանիսլավ Տարասովը։ Свободная Пресса-ի հետ զրույցում նա նշել է, որ «Զանգեզուր միջանցքով» ամերիկացիները որոշակի օգուտներ են խոստանում բոլոր կողմերին, բայց մյուս կողմից՝ նրանք արգելափակում են Իրանի և Հայաստանի միջև հաղորդակցությունը, և դա անում են Վրաստանի և Սև ծովի ելքով, ինչը փաստացի եվրոպական ուղի է։ Տարասովի կարծիքով՝ տարածաշրջանում սկսվում է մեծ պայքար, մինչդեռ Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ արտահայտված դիրքորոշումը շատ հարցեր է առաջացնում։ «Այս համաձայնագիրը պարզապես մեզ դուրս է մղում Անդրկովկասից», – նշել է քաղաքագետը։

Փորձագետ Բորիս Դոլգովի պնդմամբ՝ Թեհրանը, առաջին հերթին, մտահոգված է նրանով, որ ստորագրված հայ-ադրբեջանական համաձայնագիրը փոխում է քաղաքական դասավորությունն Անդրկովկասում։ Այն առիթ է տալիս ԱՄՆ-ի՝ որպես ՆԱՏՕ-ի բլոկի առաջնորդի, ինչպես նաև Իսրայելի՝ որպես Վաշինգտոնի մերձավոր դաշնակիցներից մեկի ակտիվ ներթափանցման համար։

«Չնայած Թրամփի կողմից խաղաղարարի կերպարին, պարզ է, որ իրականում, ամերիկացիների, ինչպես նաև իսրայելցիների ժամանմամբ, Իրանի, ինչպես նաև Ռուսաստանի համար սպառնալիքների քանակը և մասշտաբները զգալիորեն կաճեն», – նշել է փորձագետը։

Ռազմական հարցերով մեկ այլ փորձագետ՝ Եվգենյա Գորյուշինան Lenta.ru-ի հետ զրույցում ընդգծել է, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողությունը ստանձնելուց հետո Ադրբեջանը սկսել է տարածաշրջանում «նոր իրականություն» առաջ մղել, բայց առանց Ռուսաստանի միջնորդական մասնակցության։
Նրա կարծիքով՝ Ադրբեջանի հետ երկխոսության պաշտոնական վատթարացումը կարող էր պայմաններ ստեղծել Ռուսաստանի և Հայաստանի միջև մերձեցման համար, սակայն նման իներցիոն մեխանիզմն այլևս չի գործում Հարավային Կովկասում։

«Հայաստանը ամրապնդում է համագործակցությունը Ֆրանսիայի, Իրանի և Հնդկաստանի հետ՝ հենվելով երկկողմ պաշտպանական համաձայնագրերի վրա և ակտիվորեն հարաբերություններ հաստատելով Եվրամիության հետ», – նշել է փորձագետը՝ հավելելով, որ Թուրքիան դառնում է Հարավային Կովկասի հիմնական դերակատարներից մեկը՝ խաղալով ավելի ու ավելի բազմակողմանի դեր՝ ռազմականից մինչև ենթակառուցվածքային և մշակութային։

Ռազմագերիներ