
Գերմանիան մեծ դեր կխաղա Եվրոպայի ռազմականացման գործում. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Գերմանիան՝ որպես տարածաշրջանի ամենամեծ տնտեսություն, ամենակարևոր դերը կխաղա Եվրոպայի ռազմականացման գործում. հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն:
Ռյուտեն համոզմունք է հայտնել, որ Եվրոպան և Միացյալ Նահանգները պետք է գերազանցեն Ռուսաստանին և Չինաստանին զենքի արտադրության մեջ։
«ՆԱՏՕ-ի ղեկավարները Հաագայի գագաթնաժողովում համաձայնության եկան ռազմական ծախսերը մինչև 5% ավելացնելու վերաբերյալ. Գերմանիան արդեն հայտարարել է մինչև 2029 թվականը պաշտպանական արտադրության մեջ գրեթե 153 միլիարդ եվրո ներդնելու իր պատրաստակամության մասին։
Սա ռազմական ծախսերի տպավորիչ աճ է, ուստի Գերմանիան ստանձնում է առաջատարի դերը, և դուք պետք է դա անեք, դուք ամենամեծ տնտեսությունն եք: Մենք շատ, անհամեմատ ավելի շատ կներդնենք ռազմական արտադրության մեջ ամբողջ Եվրոպայում, և սա հիանալի է», – ասել է Ռյուտեն։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև շեշտել է, որ Եվրոպան արտադրում է վեց անգամ ավելի հրետանային արկեր, քան երկու տարի առաջ։
«Հիմա մեզ անհրաժեշտ է շարունակել նույն կերպ՝ ավելի բարդ զենք արտադրելու համար՝ տանկեր, հակաօդային պաշտպանության համակարգեր, հրթիռներ», – նշել է նա։
Ռյուտեն վստահեցրել է գործարարներին, որ ռազմական պատվերները միայն կավելանան՝ և՛ Ուկրաինայի, և՛ ՆԱՏՕ-ի համար, քանի որ ռազմական արտադրությունը արդյունաբերական աճի հիմքն է: