
Մակրոնի այցը Իսրայել չի կայանա, քանի դեռ Փարիզը մտադրված է ճանաչել Պաղեստինը որպես պետություն. Իսրայելի ԱԳ նախարար
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հեռախոսով խոսել է իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Նոել Բարոյի հետ՝ քննարկելու իրադրությունը տարածաշրջանում և երկկողմ հարաբերությունները. հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները:
Զրույցի ընթացքում Գիդեոն Սաարը կոչ է արել Ֆրանսիային վերանայել Պաղեստինի պետությունը ճանաչելու իր նախաձեռնությունը՝ կարծիք հայտնելով, որ նման քայլը կխաթարի կայունությունը Մերձավոր Արևելքում և կվնասի Իսրայելի անվտանգությանն ու ազգային շահերին։
Նա հավելել է, որ քանի դեռ Փարիզը շարունակում է գնալ Պաղեստինի ճանաչման ճանապարհով, նախագահ Էմանուել Մակրոնի այցը Իսրայել չի կայանա։
Սաարը շեշտել է Իսրայելի ցանկությունը պահպանելու լավ հարաբերություններ Ֆրանսիայի հետ՝ միաժամանակ հաստատելով, որ վերջինս պետք է հարգի Իսրայելի դիրքորոշումը իր անվտանգության և ապագայի համար կարևոր հարցերի վերաբերյալ։
Զրույցի ընթացքում կողմերը նաև անդրադարձել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին և ուկրաինական հակամարտությանը։