
Վալոդյա Գրիգորյանի եղբայրը կապ չունի փետրվարի սպանության հետ, վենդետա չէր կարող լինել. Մեսրոպ Առաքելյան
Վալոդյա Գրիգորյանի եղբայրը որևէ առնչություն չունի փետրվարին Մերձավանում կատարված սպանության հետ, նա տնային կալանքի տակ է բացառապես խուլիգանության մեղադրանքով, և չկա որևէ փաստ, որ Գրիգորյանի եղբայրը սպանության պահին այնտեղ է եղել: ABC NewsRoom-ի տաղավարում հայտարարել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
«Այս պահին գործն ուղարկվել է դատարան և մեղադրական եզրակացությունով սպանության մեղադրանք է առաջադրվել կոնկրետ անձի։ Բացի այդ` մեկ տասնյակից ավելի անձանց մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով՝ բակում խուլիգանական վարքագիծ դրսևորելու համար։ Վալոդյա Գրիգորյանի եղբոր նկատմամբ բացառապես խուլիգանության հոդվածով է մեղադրանք առաջադրվել: Նույնիսկ հետագայում սպանության միջադեպի վերաբերյալ տարածված տեսանյութում Վալոդյա Գրիգորյանի եղբայրը չկա»,- ասել է Առաքելյանը։
Միջադեպը տեղի է ունեցել Փարաքարի համայնքապետի ընտրությունից շաբաթներ առաջ։ Սա թույլ է տալիս քաղաքական գործչին մտածել, որ Վալոդյա Գրիգորյանի եղբոր դեմ հարուցված մեղադրանքը կեղծ է ու արվել է Վալոդյա Գրիգորյանին ճնշելու համար։
«Այս դեպքերը տեղի ունեցան մարտի 30-ին՝ ընտրությունից շաբաթներ առաջ։ Վալոդյա Գրիգորյանը մեկնաբանել էր միջադեպն ու հայտնել, որ դա բացառապես իր` քաղաքական գործունեության դեմ է։ Այստեղ չկա որևէ տրամաբանություն ենթադրյալ վրեժխնդրության կապ տեսնել, որովհետև Վալոդյա Գրիգորյանի եղբայրը որևէ առնչություն չունի միջադեօի հետ, այդ թվում` մեղադրական եզրակացության հետ»,- հայտարարել է Առաքելյանը:
Ինչ վերաբերում է Վալոդյա Գրիգորյանի սպանությանը, կուսակից ընկերը կարծում է` սպանությունը բացահայտված չէ.
«Սպանողին բացահայտելը չի նշանակում բացահայտել սպանությունը: Առաջին օրը, երբ մի հոգու ձերբակալեցին, անմիջապես հետո ՆԳՆ-ն հայտարարեց, թե սպանությունը բացահայտված է և եղել է փոտրվարյան դեպքերի վրեժխնդրություն, իսկ հաջորդ գիշեր ձերբակալեցին մեկ այլ անձի։ Արդեն մեկ այլ անձ դարձավ ենթադրյալ կասկածյալը։ ՆԳՆ-ն սպանության պատճառների մասին հայտարարություն է անում, որն ուղղակի անթույլտարելի է: Պնդում ենք, որ մեծ անելիք ունեն իրավապահները, միայն դատարանի որոշումից հետո կարող ենք հասկանալ, թե այս սպանության իրական դրդապատճառները որոնք էին»։
Հարցին, թե սպանության ինչ պատվիրատուների մասին է ակնարկել իր գրառման մեջ, Առաքելյանը պատասխանել է, թե հաճախ սպանություն կատարողը սպանության զոհ ընտրում է այնպիսի մարդու, որը սնձնական շահագրգռվածություն կարող է ունենալ հանցանքը կատարելու համար.
«Հնարավոր է դրդել են՝ կեղծ ինֆորմացիայով, մոտիվացնելով։ Ընդունված պրակտիկա է»- ասել է նա։