
Միքայել սրբազանի գործը բողոքարկվելու է․ արձագանքներ՝ Սրբազանի դատավճռին
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կայացված մեղադրական վճիռն այլ հոդվածով էր, սակայն այսօր դատավոր Արմինե Մելիքսեթյանը լրիվ այլ հոդվածով դատավճիռ կարդաց․ այս մասին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է Միքայել սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանը։
«Միքայել սրբազանը մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու համար։ Այսօր դատարանը կարդալիս նրան մեղադրեց 442 հոդվածի 2-րդ մասով, որը լրիվ ուրիշ բանի մասին է՝ «Պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը»»,- ասել է նա։
Զոհրաբյանը նշել է, որ դատարանը խոսել է բոլորովին այլ հոդվածի մասին։ Նրա խոսքով՝ հուզմունքը մարդկանց ճակատագրերի վրա է ազդում։
«Ակնհայտ է, որ սա պատվիրված ակտ էր, և Միքայել սրբազանը չի կատարել ո՛չ 442-րդ հոդվածով, ո՛չ 422-րդ հոդվածով նախատեսված արարքը», – նշել է պաշտպանը։
Զոհրաբյանը շեշտել է, որ Միքայել սրբազանը հոգեպես պատրաստ էր այս դատավճռին, սակայն այն անպայման բողոքարկվելու է վերաքննիչ ատյանում։ Նրա խոսքով՝ իրենք արդեն ստացել են Վճռաբեկ դատարանի որոշումը, որով իրենց բողոքը՝ առաջին կալանքի հետ կապված, վարույթ ընդունելը մերժվել է, ուստի այս հարցով արդեն դիմելու են միջազգային ատյան։
Իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշել է, որ այս իշխանությանը պետք է, որ բոլոր հայրենասեր և հայրենատեր, խոսքի կշիռ ունեցող, հասարակության կողմից այդ խոսքն ընկալող, բոլոր ակտիվ գործիչներին լռեցնի ու պահի անազատության մեջ։
«Ամբողջ դատաքննությունը վերաբերում էր այլ թեմայի, սակայն ամբողջ իշխանական քարոզչամեքենան՝ Նիկոլի ստրուկ դատաիրավական համակարգը, գլխավոր դատախազը, քննչականի պետը և մյուսները միասին կատարել են Նիկոլ Փաշինյանի և քաղաքական իշխանության պատվերը։ Իշխանության համար թիվ մեկ հարցն այն է, որ Սրբազանը պետք է մնա անազատության մեջ։ Դեռ հարց է, թե ինչ սահմանափակումներ կարող են դրվել Սրբազանի առաջ նույնիսկ անազատության ընթացքում․ սա առաջինն է, բայց վերջինը չէ, ու այսպես շարունակվելու է։ Ընդհանրապես մանր ֆյուրերիկները փոքր երկրներում փորձում են լռեցնել իրենց ուղղված ցանկացած անհաճո խոսք։ Իսկ այս դեպքում նրանք նաև հայրենադավության՝ հայրենիքը մաս-մաս թշնամուն հանձնելու գործողությունները փորձում են իրականացնել սահուն, որպեսզի դրան դիմադրություն կամ ըմբոստություն չլինի։ Սրան հաջորդելու են շատ քայլեր՝ կուսակցությունների դեմ արշավներ, կուսակցությունների արգելումներ», -ասել է Մանուկյանը։
Անդրադառնալով վճռին՝ սահմանադրագետ Գոհար Մելոյանը նշել է, որ այս ամբողջ գործընթացը խոսում է ժողովրդավարությունից նահանջի և դրա քաղաքական նպատակահարմարության մասին։ Նրա խոսքով՝ այս պահին բոլորիս մոտ էմոցիոնալ պալիտրա է՝ ցավ, ամոթ, ափսոսանք։ «Որքան էլ մենք գիտակցում ենք իրավիճակի լրջությունը և դատավարությունների քաղաքական ենթատեքստը, այնուամենայնիվ միշտ լիահույս գալիս ենք յուրաքանչյուր նիստի, յուրաքանչյուր վերդիկտի ամփոփման, և հույս ունենք, որ ողջախոհության, մարդկայնության և խղճի արդարադատության իրականացման ականատես կլինենք։ Նույնը նաև սրբազանի պարագայում․ մենք փոքրիկ հույսի նշույլով եկանք, որ դատարանը չի գնա այդ հակաիրավական քայլին»,-նշել է Մելոյանը։
Դատից առաջ ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը նշել էր, որ դատում են ոչ թե Միքայել սրբազանին, այլ՝ մեր խիղճն ու հավատը:
«Դատարանն իր կողմնակալությունն արդեն ցույց է տվել վերդիկտի միջոցով, երբ քրեաիրավական հիմք չունեցող գործով Միքայել սրբազանին ճանաչել է մեղավոր։ Այս պարագայում որևէ դրական ելք ակնկալել այս դատարանից միամտություն է»,- նշել է նա: