04 Հոկ
2025
25° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միքայել արքեպիսկոպոսի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը քաղաքական հաշվեհարդար է․ «Հայ ազգային կոնգրես»

Միքայել արքեպիսկոպոսի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը քաղաքական հաշվեհարդար է․ «Հայ ազգային կոնգրես»

Միքայել արքեպիսկոպոսի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը բացառապես քաղաքական հրահանգով պայմանավորված հաշվեհարդար է․ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Հոկտեմբերի 3-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, երկու տարվա ազատազրկման է դատապարտել Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։

Միքայել սրբազանի նկատմամբ քրեական հետապնդման ողջ գործընթացը՝ շինծու քրեական վարույթի հարուցումից, Շիրակի թեմի առաջնորդարանում ու Սրբազանի կեցավայրում իրականացված խուզարկությունները, Աջապահյանի ձերբակալության համար Մայր Աթոռի տարածքում հատուկջոկատայինների արշավանքը, ապա՝ նրա կալանավորումն ու դատական ողջ ֆարսը, վկայում են՝ իրականում տեղի է ունենում ամենավայրագ ձևերով քաղաքական հետապնդում։

Տեղի ունեցողը մաս է կազմում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա հոգևոր վերնախավի դեմ իշխանությունների սանձազերծած ապօրինությունների։ Այն միտված է խոսքի և արտահայտվելու ազատության սահմանափակմանը և լուրջ վնաս է հասցնում Հայաստանի միջազգային վարկանիշին։

Այս փաստը հաստատում է նաև այն հանգամանքը, որ դեռևս 2024 թվականին դատախազությունն ու ԱԱԾ-ն Միքայել արքեպիսկոպոսի հայտարարություններում քրեական հանցագործության տարրեր չէին տեսել և մերժել էին քրեական վարույթ հարուցելու միջնորդությունները։

Սակայն մեկ տարի անց այդ արքեպիսկոպոսի դեմ քրեական վարույթ հարուցվեց այն բանից հետո, երբ գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բացահայտ արշավ սկսեց Եկեղեցու դեմ։ Սա վկայում է, որ Միքայել արքեպիսկոպոսի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը բացառապես քաղաքական հրահանգով պայմանավորված հաշվեհարդար է։

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը համարում է, որ գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը քաղաքական բանտարկյալ է, որը կալանավորվել և դատապարտվել է իր հայտարարությունների համար։

«Հայ ազգային կոնգրես»–ը խստորեն դատապարտում է Արքեպիսկոպոսի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումն ու դատարանի կայացրած դատավճիռը։

«Հայ ազգային կոնգրես»–ը վստահ է, որ այս գործը վաղ թե ուշ արժանանալու է անփառունակ վախճանի․ եթե ոչ ներպետական ատյաններում, ապա՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Կոնգրեսն, ըստ այդմ, պահանջում է ազատ արձակել Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին, ինչպես նաեւ Սամվել Կարապետյանին, Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանին եւ բոլոր մյուս քաղբանտարկյալներին»։

 

Ռազմագերիներ