04 Հոկ
2025
25° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մենք այս վիճակին հասանք, որովհետև ժողովրդավարության պահապանները՝ ԵԽԽՎ-ն և այլ միջազգային կառույցներ, «քնած էին» կամ «քնած էին ձևացնում»․ բանավեճ՝ Հայկ Մամիջանյանի ու ԵԽԽՎ նախագահի միջև

Մենք այս վիճակին հասանք, որովհետև ժողովրդավարության պահապանները՝ ԵԽԽՎ-ն և այլ միջազգային կառույցներ, «քնած էին» կամ «քնած էին ձևացնում»․ բանավեճ՝ Հայկ Մամիջանյանի ու ԵԽԽՎ նախագահի միջև

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում բանավեճ է տեղի ունեցել ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանի և կառույցի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի միջև։ Եվրոպական կառույցներին ուղղված Մամիջանյանի քննադատությունից հետո, Ռուսոպուլոսն արձագանքել է՝ փորձելով արդարացնել նրանց։

Հայկ Մամիջանյանն իր ելույթում նշել է, որ կառույցի անդամ երկրների կողմից ԵԽԽՎ պատգամավորների նկատմամբ երկրից բացակայելու սահմանափակումներն անընդունելի են։

«Դրանք հակասում են մեր կառույցի արժեքներին։ Բայց ինչպե՞ս մենք հասանք այս վիճակին։ Ես կփորձեմ պատասխանել այս հարցին։ Մենք այս վիճակին հասանք, որովհետև ինչ-որ պահի ժողովրդավարության պահապանները՝ ԵԽԽՎ-ն և այլ միջազգային կազմակերպությունները, «քնած էին» կամ «քնած էին ձևացնում»։ Եվ հիմա մենք չպետք է կենտրոնանանք միայն ԵԽԽՎ պատվիրակների՝ երկրից բացակայելու սահմանափակումների վրա։ Դա շատ եսասիրական մոտեցում կլիներ։ Մենք պետք է գնանք անդին»,– ասել է Հայկ Մամիջանյանը։

Նա նշել է, որ Տարոն Մարգարյանը և բազմաթիվ այլ ընդդիմադիր պատգամավորներ չեն կարողանում կատարել իրենց պարտականությունները՝ երկրից բացակայելու քաղաքական դրդապատճառներով սահմանափակումների հետևանքով։

«Նրանք պետք է դատավորից կամ քննիչից թույլտվություն ստանան՝ արտասահման մեկնելու և իրենց երկիրը ներկայացնելու համար։ Այսինքն՝ իրականացնելու համար այն աշխատանքը, որի համար ժողովուրդն ընտրել է նրանց։ Եվ այդ թույլտվությունները միշտ չէ, որ տրվում են։ Բայց նրանք համեմատաբար բախտավոր են, որովհետև մեր գործընկերը՝ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանը, Դավիթ Գալստյանը, արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանը և Միքայել Աջապահյանը, բարերար Սամվել Կարապետյանը և մոտ 30 այլ քաղաքական բանտարկյալներ մեր երկրում կալանքի տակ են»,– ասել է նա։

Ռուսոպուլոսն արձագանքել է ելույթին՝ նշելով, որ տրված որակումներն անընդունելի են։ Նա նշել է, որ ոչ միայն ինքը, այլև իր նախորդը բոլոր նմանատիպ դեպքերում փորձել են արձագանքել և բողոքի նամակներ են հղել ԵԽԽՎ ներկայացուցիչներին՝ ճանապարհորդական արգելք սահմանող երկրների խորհրդարանի խոսնակներին։

«Պարո՛ն նախագահ, ամենայն հարգանքով Ձեր նկատմամբ, բայց մենք պետք է պայքարենք պատճառների, այլ ոչ թե ախտանիշների վերացման համար»,– ի պատասխան ասել է հայկական պատվիրակության ներկայացուցիչը։

Ռազմագերիներ