25 Դեկ
2024
1.3° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ իշխանությանն ուղղված մեսիջ է․ իրանագետը՝ հարևանների հետ էլեկտրաէներգիա փոխանակելու Իրանի հայտարարության մասին

ՀՀ իշխանությանն ուղղված մեսիջ է․ իրանագետը՝ հարևանների հետ էլեկտրաէներգիա փոխանակելու Իրանի հայտարարության մասին

Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը հայտարարել է,
որ Իրանը և Ռուսաստանի Դաշնությունը էլեկտրաէներգիա են փոխանակելու Հայաստանի, Վրաստանի
և Ադրբեջանի տարածքներով։ Նա իր հայտարարության մեջ նշել է, որ որոշ հարևանների հետ
Իրանն անվճար է իրականացնելու գործընթացը։

«Ծրագիրը նոր չէ, այսինքն մենք արդեն 20 տարի է, ինչ Իրանի հետ
ունենք փոխանակում գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց»,-ABCmedia-ի հետ զրույցում նշեց իրանագետ
Հարութ Արթին Առաքելյանը։

Վերջինիս խոսքով՝ Հայաստանն Իրանից ստանում է 3 խմ գազ՝ փոխարենը
տալիս է 1 կվտ հոսանք։

«Մի քանի տարի առաջ նոր նախագիծ ձևավորվեց, որտեղ պիտի Իրանից հոսանքը
գար դեպի Հայաստան, Հայաստանից՝ Վրաստան, այնտեղից էլ՝ ազատ շուկա»,-ասաց Առաքելյանը։

Ըստ նրա՝ երբ մշակվում էր այս ծրագիրը, ռուս-վրացական սահմանային
երկար խնդիրների և արտաքին վատ հարաբերությունների պատճառով ՌԴ մասին խոսք չեղավ, սակայն
այս փուլում ռուս-վրացական հարաբերություններն ավելի մեղմ են։

«Վրաստանի կողմը ցույց է տալիս, որ ցանկանում է տնտեսական հարաբերություններ
ունենալ Ռուսաստանի հետ։ Իրանը մի քանի միջանցքով է հոսանքը արտահանելու՝ Ռուսաստան,
Թուրքմենստան, Ադրբեջան և Հայաստան»-հավելեց իրանագետը։

Մասնագետի խոսքով՝ այս գործընթացը կբարելավի տնտեսական հարաբերությունները
տարածաշրջանում մեր բնական դաշնակիցների հետ, ինչից մենք հրաժարվել չենք կարող։

«Իրանն այլընտրանքներ ունի, այնպես չէ, որ սպասում է Հայաստանին»,-շեշտեց
Առաքելյանը։

Իրանագետի խոսքով՝ սա լավ հնարավորություն է դաշնակիցների հետ տնտեսական
լավ հարաբերություններ մշակելու համար։

«Տնտեսական հարաբերությունները նաև կիսով չափ քաղաքականություն
են։ Ասում են՝ այն սահմաններով, որտեղով բեռներն են անցնում, բանակները չեն անցնում։
Շատ բնական է, որ Իրանը նախընտրում է և Հայաստանին տալիս է մեսիջ, որ ցանկանում է Հայաստանի
հետ ունենալ տնտեսական հարաբերություններ»,-ընդգծեց նա։

Մասնագետի խոսքով հայաստանյան իշխանություններն այս ամենից հետո
նայում են արևմուտքին, ուստի բնական է, որ Իրանը նման մեսիջ է տալիս ՀՀ-ին։

«30 տարում Իրան-Հայաստան տնտեսական հարաբերությունների շրջանառությունը
դեռ չի հասել 1 մլրդ դոլարի։ Վերջին ամիսներին Փաշինյանի՝ Թեհրան կատարած այցի ժամանակ
ստորագրվեց համաձայնագիր, ըստ որի՝ տնտեսական հարաբերությունները պետք է հասնեն 3 միլիարդ
դոլարի»,-նշեց Առաքելյանը։

Հարցին, թե ինչու 30 տարվա ընթացքում չենք կարողացել Իրանի հետ
մեր ապրանքաշրջանառությունը հասցնել 1 միլիարդ դոլարի, իրանագետը պատասխանեց․
«Մեր տնտեսական ուղղվածությունը Իրանը չի, բայց Իրանն իր քայլերով և հայտարարություններով
փորձում է մեզ հասկացնել, որ ինքը ցանկություն ունի ՀՀ-ի հետ տնտեսական հարաբերությունները
լավացնելու»։