
Բրյուսելը վաղ թե ուշ կպահանջի, որ Երևանը հակառուսական կուրս ընդունի․ ՌԴ ԱԳՆ
Որոշակի պահի ԵՄ ղեկավարությունը կպահանջի Հայաստանից լիակատար քաղաքական համերաշխություն, այդ թվում՝ Բրյուսելի հակառուսական քաղաքականության հարցում։ Այս մասին ТАСС-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ Եվրոպական հարցերով դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։
«Որոշակի պահի Բրյուսելը սկսում է ցանկացած թեկնածու երկրից պահանջել լիակատար համերաշխություն իր արտաքին քաղաքականության հարցում, որն այժմ բացահայտ հակառուսական է», – նշել է դիվանագետը՝ մեկնաբանելով Հայաստանի եվրաինտեգրման ծրագրերը։ «Ես նաև հույս ունեմ, որ Երևանը հասկանում է, որ նույնիսկ Բրյուսելի բոլոր պահանջների բավարարումը չի երաշխավորում ԵՄ-ին անդամակցություն»։
Նրա խոսքով՝ իրականում ԵՄ անդամակցությունը, հատկապես հաշվի առնելով դրա ներկայիս վիճակը, ոչ մի կերպ չի երաշխավորում թեկնածու երկրների բարգավաճումը։ Դիվանագետի կարծիքով՝ Եվրամիության հետ Հայաստանի հարկադիր մերձեցումը բացասական հետևանքներ կունենա ինչպես Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների, այնպես էլ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար։
Նրա խոսքով՝ հաշվի առնելով ԵՄ-ի արագ վերափոխումն ագրեսիվ ռազմաքաղաքական դաշինքի և Ռուսաստանի հետ դիմակայությանն ուղղված նրա ռազմավարական կուրսը՝ «այս կազմակերպությանն անդամակցելու Հայաստանի հետաքրքրությունը չի կարող չմտահոգել»։
«Մենք հույս ունենք, որ Հայաստանը՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ, հասկանում է Բրյուսելի հետ հարկադիր մերձեցման հնարավոր բացասական հետևանքները՝ թե՛ մեր դաշնակցային հարաբերությունների, թե՛ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման առումով», – ընդգծել է Մասլեննիկովը։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ԱԳՆ եվրոպական գործերի վարչության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանը հարգում է այլ պետությունների ինքնիշխան իրավունքը՝ մասնակցելու ինտեգրացիոն միավորումներին, և հատկապես «նրանց ցանկությունը՝ լրացուցիչ հնարավորություններ ստանալու տնտեսական զարգացման և սեփական բնակչության բարեկեցությունը բարելավելու համար»։ Այնուամենայնիվ, Հայաստանի ղեկավարությունը «հստակորեն ազդարարել է իր հետաքրքրությունը Եվրամիության հետ մերձեցման հարցում»։
Մասլեննիկովի խոսքով՝ Բրյուսելն արդեն սկսել է «Երևանին ակտիվորեն պարտադրել քաղաքական դրդապատճառներով անցում ԵՄ չափանիշներին, որը հիմնարար կերպով անտեսում է այս անդրկովկասյան հանրապետության անդամակցությունը ԵԱՏՄ-ին և դրա հետ կապված պարտավորությունները»։


