
ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններում առկա է հակասությունների մասին․ Գալուզին
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը խոսել ԵՄ-ԵԱՏՄ հարցով հանրաքվեի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններում առկա հակասությունների մասին։
Ինչպես նշել է փոխնախարարը, Հայաստանի Սահմանադրության 205-րդ հոդվածը սահմանում է, որ վերազգային միջազգային կազմակերպություններին անդամակցության վերաբերյալ նման հանրաքվեն պետք է նախաձեռնի Հայաստանի կառավարությունը։ Միևնույն ժամանակ՝ 2025 թվականին «Եվրամիությանը միանալու գործընթացի մեկնարկի մասին» ապագա օրենքի քննարկման ժամանակ հայկական կողմը պնդել է, որ, Սահմանադրության դրույթներին հակառակ, դրա ընդունումը հանրաքվեի կարիք չունի, քանի որ փաստաթուղթը պարզապես անիմաստ քաղաքական հռչակագիր է։ «Հիմա մենք լսում ենք, որ Հայաստանում հունիսյան ընտրությունների արդյունքները, ենթադրաբար, ինքնին վկայում են եվրոպականամետ ուղու և երկրում եվրոպական նորմերի ու կանոնների հետագա ներդրման համազգային աջակցության մասին, ինչը նշանակում է, որ հանրաքվեի անհրաժեշտություն կրկին չկա», – ТАСС-ի հետ զրույցում հայտարարել է փոխնախարարը։
«Հիշեցնեմ, որ ընտրարշավի ընթացքում Փաշինյանը երբեմն անում էր տրամագծորեն հակառակ և շփոթեցնող հայտարարություններ։ Միևնույն ժամանակ՝ նա նաև երբեմն բավականին բացահայտորեն խոստովանում էր, որ ոչ ոք դեռևս չի հրավիրել Հայաստանին ԵՄ, և որ այն կարող է երբեք անդամ չդառնալ։ Իսկապես շատ բան է ասվել, բայց դա որևէ պարզություն չի ավելացնում», – հավելել է նա։
Գալուզինի խոսքով՝ հենց այդ պատճառով էլ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջնորդները հայտարարել են այս հարցի վերաբերյալ Հայաստանի ժողովրդի իրական կարծիքը պարզելու անհրաժեշտության մասին։ «Եվ ոչ թե վերացական, տեսական իմաստով, այլ կոնկրետ, գործնական իմաստով. պատրա՞ստ եք հրաժարվել ԵԱՏՄ-ին անդամակցությունից՝ ապագայում ԵՄ-ին միանալու հեռանկարի համար, որը լիովին ակնհայտ չէ։ Հենց սա է հարցի ձևակերպման ամենաազնիվ ձևը՝ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ ԵԱՏՄ-ի մյուս անդամների համար», – եզրափակել է գործակալության աղբյուրը։


